Ադրբեջանը սննդամթերք է ուղարկել ԼՂ հայերին․ ի՞նչ է հայտնի. Լուսանկար

Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) որոշել է մարդասիրական նպատակներով սննդամթերք պարունակող բեռներ ուղարկել ԼՂ-ում ապրող հայ բնակիչների կարիքները հոգալու համար։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ է ուղարկվել 20-ական տոննայով երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի պարագաներով և 2 ավտոմեքենա՝ հացով։ Այս պահին Աղդամի (Ակնա) շրջանով մեքենաները շարժվում են դեպի Ասկերան։ Ապրանքն Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով կհասցվի հասցեով և կբաշխվի բնակչության շրջանում։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի և Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Եվլախում երեկ կայացած հանդիպման ժամանակ, ըստ ադրբեջանական կողմի, պայմանավորվածություն է ձեռք բերվել Բաքվի կողմից ԼՂ-ին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին։
Աղբյուր` Hraparak.am
