Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ. Լորան Վոքիե

Ֆրանսիան պետք է մաքսիմալ ճնշում գործադրի Լաչինի միջանցքի բացման նպատակով, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեն՝ այսօր Սյունիք կատարած այցի ընթացքում։
Նշենք, որ այսօր առավոտյան երկօրյա այցով Սյունիք էր ժամանել Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորությամբ։ Պատվիրակությունն այցելել է Տեղ գյուղի Կարմիր հող կոչվող տեղամաս։
«Կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, և այդ որոշումը պետք է անպայման հարգվի։ Եվ ի՞նչ կարող է անել Ֆրանսիան, իմ կարծիքով, ի՞նչ պետք է անի. մաքսիմալ ճնշում գործադրել, որպեսզի կարողանանք գոնե առաջին փուլում որպես առաջին քայլ մարդասիրական օգնության համար ճանապարհը բացել», - նշել է Վոքիեն։
Ֆրանսիացի պաշտոնյան մտահոգություն է հայտնել միջանցքի ավելի քան 100 օր փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի առթիվ․ «Այստեղ խոսքը նույնիսկ երկու սուվերեն պետությունների սահմանների ու սահմանազատման մասին չէ, խոսքը150 հազար մարդկանց մասին է, մարդկանց, որոնց բոլոր իրավունքներն ուղղակի ոտնահարվում են», - ասել է նա։