Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին

2011-2018 թվականներին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի եւ 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդից։
Նիստի օրվա եւ ժամի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն: Արշակ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 18/04/2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Արշակ Հակոբյանը պաշտոնավարման ընթացքում ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաեւ զբաղվել կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի հետեւանքով թաքցրել եւ խեղաթյուրել է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումն ու պատկանելությունը` դրանց հաղորդելով օրինական տեսք: Նշենք՝ Արշակ Հակոբյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության ծառայության պետն էր։