Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ»

ԻՐԱԿԱՆ ԷԼԻՏԱ VS «ՕՍԼԱՅԱԾ ՕՁԻՔԱՎՈՐՆԵՐ»
• Նկարում Վազգենն է՝ ֆիդայի Տիգրան Տերոյանը։ 1896 թ․-ի Վանի «ջոջ կռվից», ֆիդայիների ու ժողովրդի անհամաչափ շատ զոհերից հետո Վազգենը քչերից էր, որ համառում էր, որ խմբերը պետք է մնան Երկրում և շարունակեն անդուլ աշխատանքը։ Արցախցի Վարդանն ու վանեցի Վազգենը մնում են Վանում և զբաղվում հիասթափված ժողովրդին գոտեպնդելով, որին այդ պահին թվում էր, թե կոտորածի պատճառը ազատատենչությունն էր, հետևաբար՝ պետք է ազատատենչ չլինել («մեր պատիվն ու ինքնությունը տանք, հանգիստ ապրենք»)։
• Քանի-քանի՜ անգամներ վանեցիները, նույնիսկ Վազգենի հարազատները, վախից ու հոգևոր թուլությունից մղված, մատնել են անվախ ֆիդայուն թուրքերի ձեռքը, սակայն Վազգենը, ում մայրը և քույրը բանտարկված էին իր գործունեության համար, երբեք չի նեղացել սեփական ժողովրդից, այդ դեպքերը համարել է մարդկանց տկարության հետևանք և շարունակել է իր գործը։
• 1898 թ․ հունվարի 21-ին Վազգենը երկու ընկերների հետ գտնվում էր Վանին մերձակա Կուռուբաշ գյուղի ջրաղացում։ Որպեսզի իրենց ներկայությունը պատճառ չդառնա վանեցիների ձերբակալությունների, ֆիդայիները ձմռան բքի պայմաններում գիշերում են այդ լքված վայրում, որտեղ և հայտնաբերվում են թշնամու կողմից և զոհվում անհավասար կռվում։
• Իրական էլիտան Վազգենն ու վազգեններն են։ Մարդիկ, որ, ժողովրդի ծոցից դուրս եկած, հասկանում են վերջինիս, գիտակցում են այդ ժողովրդին ազատագրելու իրենց պարտականությունը և չեն նեղանում այդ ժողովրդից, որ վերջինս, անկախ իր կամքից, դարեր ի վեր հայտնվել է ստրկական շղթաների մեջ։
• Վազգենների հակապատկերն են այսօրվա մեր իրականության այն մարդիկ ու շրջանակները, որ հայ ժողովրդին են մեղադրում այն բանի մեջ, որ հանգամանքների բերումով, անկախ իր իսկ կամքից, վերջինս հայտնվել է թուրքական լծի տակ։ Այդ մեղադրողների շարքում առանձին դիրք են բռնում չարենցյան «օսլայած օձիքավորները», որոնց թվում է, թե իրենք միշտ և ամեն ինչ ճիշտ են արել, իսկ ներկայիս իրավիճակի միակ մեղավորն «անգրագետ ու ապերախտ» ժողովուրդն է։ Սա ոչ այլ ինչ է, քան շարքային ինքնասիրահարվածություն և «օբիժնիկություն», այսինքն՝ կապիտուլյանտական էթոս, պարզապես՝ բարիկադի տարբեր կողմերում։
• Հայրենիքն ազատագրելու ի զորու է միայն վազգենական էլիտան, «օսլայած օձիքավորների» էլիտան ի զորու է միայն, կեղծ հովիվ ձևանալով, մակաբուծելու վազգենական էլիտայի ազատագրած հայրենիքում…
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից