Երեւանի փոխքաղաքապետին կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ դատարան բողոք կներկայացվի

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարան բողոք կներկայացվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիմոնյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, մարտի 12-ին Գեւորգ Սիմոնյանին 2 ամիս ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել: Էմին Խաչատրյանն ասաց, որ դատարանի որոշումը ստացել են եւ պատրաստվում են բողոքարկել այն. «Դատարանի այդ որոշումը մեզ համար զարմանալի է, որովհետեւ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չէր»:
Ըստ փաստաբանի՝ վարույթն իրականացնող մարմինն իրենց չի ներկայացրել փաստական տվյալներ այն մասին, թե Գեւորգ Սիմոնյանը հանցավոր արարք է կատարել. «Գեւորգ Սիմոնյանն էլ իր ցուցմունքում նշել է, որ եթե կան այնպիսի մարդիկ, որոնք ցուցմունք են տվել իր դեմ, թող իր հետ տեղի ունենան առերեսումներ: Սակայն մինչեւ օրս առերես հարցաքննություն տեղի չի ունեցել: Այդ ամենից կարող ենք ենթադրել, որ Սիմոնյանի դեմ մեղադրանքը հիմնավորող որեւէ ցուցմունք չունի վարույթն իրականացնող մարմինը»: Խաչատրյանի խոսքով՝ Գեւորգ Սիմոնյանի մեղադրանքն անորոշ է. «Ըստ մեղադրանքի՝ նա պաշտոնեական դիրք է չարաշահել, իսկ թե ի՞նչ եղանակով, ի՞նչ պետք է աներ, որ չի արել, մեզ չեն կարողանում բացատրել: Ես այդ հարցը բարձրացրել եմ եւ՛ վարույթն իրականացնող մարմնի մոտ, եւ՛ դատարանում»:
Հիշեցնենք, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկայի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները: Այս գործով անցնում է 11 բուժաշխատող, որոնցից 8-ի ձերբակալման ժամկետը լրացել էր, եւ նրանք ազատ են արձակվել: