Ուկրաինացի դիվերսանտները ներթափանցել են ՌԴ տարածք, գերի վերցրել բնակիչների. ընթանում են բախումներ. Լուսանկար, թարմացվող

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Բրյանսկի մարզ ներթափանցած ուկրաինացի դիվերսանտները պատանդ են վերցրել, ապա ազատել Լյուբեչանե գյուղի բուժակին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ТАСС-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը, ով ականատես է եղել միջադեպին։
«Ուկրաինացի դիվերսանտների հարձակման ժամանակ պատանդ է վերցվել Լյուբեչանե գյուղի բուժակը, նա այժմ ազատ է արձակվել։ Բուժաշխատողը անձնական մեքենայով դուրս էր եկել Նովի Ռոպսկ գյուղից, նա մեքենայում մենակ էր», - ասել է գործակալության զրուցակիցը։
Ականատեսի խոսքով՝ տեղի բնակիչներն իրենց տներում են, պատուհանները փակ են, ոչ ոք չի կարող հեռանալ, կրակոցների ձայներ են լսվում։
***
ՌԴ Բրյանսկի մարզի սահմանային տարածք են ներթափանցել ուկրաինացի դիվերսանտների խմբեր, որոնց հետ բախումներ են ընթանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Ուկրաինացի դիվերսանտների խմբերը մտել են երկու գյուղ՝ պատանդ վերցնելով դրանցից մեկի բնակիչներին։ ՌԴ Ազգային գվարդիայի զինծառայողները բախումների մեջ են դիվերսանտների հետ», - ասել է աղբյուրը։
Քաղաքացիների թվում կան զոհեր և վիրավորներ։
«Դիվերսանտների հարձակման է ենթարկվել երկու գյուղ՝ Լյուբեչանեն և Սուշանին: Այժմ պատանդ են պահվում մինչև վեց խաղաղ բնակիչ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
