Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անտուն են մնացել Արևմտյան Հայաստանի հազարավոր հայեր

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով անտուն են մնացել Արևմտյան Հայաստանի հազարավոր հայեր։ Երեկ երեկոյան խոսում էի Մուշի, Դիարբեքիրի, Ադիյամանի, Ուրֆայի, Մարաշի մեր հայրենակիցների հետ։
Մուշում ցնցումները ավերածություններ չեն գործել, մարդիկ ապրում են իրենց տներում, բայց վախեցած են։ Մուշի հայերը խնդրեցին ողջույններ փոխանցել Հայաստանի հայերին ու հատկապես Արցախին։
Դիարբեքիրում համեմատաբար քիչ ավերածություններ են եղել։ Այստեղ հայերը հիմնականում ապաստանել են տեղի Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Ոմանք չեն շտապում վերադառնալ իրենց տներ՝ վախենալով նոր ցնցումներից։
Ադիյամանում, Ուրֆայում ու Մարաշում առավել խոշոր վնասներ են եղել։ Ավերվել են նշածս գրեթե բոլոր քաղաքներն ու հարակից գյուղերը։ Այստեղ հայերի շրջանում մահացածներ կան, որոնց թիվը գերազանցում է մի քանի տասնյակը։ Պաշտոնապես նշվող 4 մահացածի տվյալը վերաբերում է բացառապես այն մարդկանց, որոնց անձնագրերում նշված է հայ-քրիստոնյա ձևակերպումը, իսկ մենք գիտենք, որ Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում ավելի քան 4,5 մլն հայ կա, որոնց մեծ մասը դեռևս ծպտյալ կարգավիճակում է և վախենում է հրապարակային հայտնել իր ազգային ծագման մասին։
Այս երեք բնակավայրերում ևս հայերը միավորվել ու ապաստանել են համատեղ՝ փորձելով միասին լուծել երկրաշարժի հետևանքով առաջացած հումանիտար աղետի խնդիրները։
Բոլոր հայերը նշում էին, որ Թուրքիան փուլ է եկել, չեն գործում ենթակառուցվածքները, ճանապարհները խցանված են, ինտերնետը ընդհատումներով է հասնում, փրկարարները և շտապ օգնությունը ուշացումներով են հասնում, համատարած սկսվել է թալան ու դիակապտություն։
Թուրքիայում կյանքը քաոսի է վերածվել։ Իշխանությունները որևէ կերպ չեն վերահսկում իրավիճակը։
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից