Լեհաստանի նախագահը խոստովանել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը, ամենայն հավանականությամբ, պատկանել է ուկրաինական ՀՕՊ-ին. նույնն ասել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստովանել է, որ երկրի տարածքում ընկած հրթիռը, ամենայն հավանականությամբ, պատկանել է ուկրաինական հակաօդային պաշտպանությանը։
«Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հրթիռներ է արձակել տարբեր ուղղություններով: Մեծ է հավանականությունը, որ այդ հրթիռներից մեկն ընկել է Լեհաստանի տարածքում: Ամենայն հավանականությամբ, դա ռուսական արտադրության, 70-ականներին արտադրված, С-300 տիպի հրթիռ է եղել»,- ասել է քաղաքական գործիչը։
Դուդան ընդգծել է, որ ոչ մի ապացույց չկա, որ սա միտումնավոր հարձակում է Լեհաստանի վրա։
Նա նաև ընդգծել է, որ Վարշավան չի կարող հաստատել ռուսական զորքերի կողմից այս հրթիռի արձակումը:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել է, որ, ըստ նախնական տվյալների, հրթիռն իսկապես պատկանել է ուկրաինական հակաօդային պաշտպանությանը։
Նոյեմբերի 15-ին լեհական լրատվամիջոցները հայտնել են Լեհաստանի տարածքում երկու հրթիռի ենթադրյալ անկման մասին՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյևոդությունում երկու մարդ է զոհվել։
ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չեն հասցվել, իսկ որոշ բեկորների հրապարակված լուսանկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։ «Ռուսական» հրթիռների ենթադրյալ անկման մասին լեհական լրատվամիջոցների բոլոր հայտարարությունները դիտավորյալ սադրանք են՝ իրավիճակը սրելու նպատակով, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Աղբյուր՝ Tert.am