Ինձ չի անհանգստացնում դոլարի հզորությունը. Բայդենը, պաղպաղակ ուտելով, մեկնաբանել է ԱՄՆ տնտեսության վիճակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնվել է բուռն քննադատության կիզակետում այն բանից հետո, երբ համացանցում տարածվել է նրա մասնակցությամբ մի տեսանյութ, որում ԱՄՆ ղեկավարը երկրի տնտեսությունից խոսում է՝ պաղպաղակ ուտելով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Բայդենը Փորթլենդում լրագրողի՝ տնտեսական վիճակի մասին հարցին ի պատասխան, պաղպաղակի կոնը լիզելով, նշել է՝ տնտեսությունը շատ ուժեղ է: Տեսանյութն արվել է Baskin Robbins խանութում, որտեղ նախագահը պաղպաղակ է գնել:
Հարցին, թե արդյոք նա որևէ մտահոգություն ունի՞ աճող գնաճի պայմաններում ԱՄՆ դոլարի հզորության մասին, նախագահը, շոկոլադե կոնը ձեռքին, պատասխանել է. «Ինձ չի անհանգստացնում դոլարի հզորությունը: Ինձ անհանգստացնում է մնացած աշխարհը: Մեր տնտեսությունը չափազանց ուժեղ է»։
Բազմաթիվ օգտատերեր քննադատել են Բայդենի պահվածքն ու խոսքերը, մի որոշ մասն էլ համաձայնել է նախագահի հետ։
Աղբյուր՝ tert.am