«Եռաբլրում» միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել. օմբուդսմեն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում միջադեպի հետ կապված՝ ոստիկանների դեմ մի քանի կարգապահական վարույթներ են հարուցվել, Քննչական կոմիտեն հարուցել է նաեւ քրեական գործ։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Մենք դատապարտել ենք նման վարքագիծը եւ պահանջել բացատրություններ ոստիկանությունից։
Այս իմաստով ես հետեւողական եմ լինելու՝ բացատրություններ ստանալ ոստիկանության գործողությունների մասին, եւ ոչ միայն։ Կարծում եմ, որ հանրային կարգի պահպանման մարտավարության մասով խնդիր եղել է, բայց կա իրավական գնահատականներ տալու անհրաժեշտություն կոնկրետ ծառայողների նկատմամբ։ Ես սպասում եմ արդյունքներին, թե քանի ոստիկան եւ ինչ պատասխանատվության է ենթարկվել»,- ավելացրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Փաշինյանի այցը «Եռաբլուր» նշանավորվել էր հերթական միջադեպով։ Մինչ նրա գալը ոստիկանները կոշտ կերպով բերման էին ենթարկել զոհված զինվորների մի քանի տասնյակ ծնողների, որոնք չէին ցանկանում, որպեսզի Փաշինյանն իր այցելությամբ պղծի իրենց որդիների շիրիմները։