Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհված 18-ամյա Սերյոժա Ստեփանյանն ապագա տնտեսագետ էր
News.am-ը գրում է.
«Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սերյոժա Ստեփանյանը։ Սերյոժա Ստեփանյանը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքից էր։ NEWS.am-ի հետ զրույցում Սերյոժայի հորեղբայրը՝ Կարեն Ստեփանյանը պատմեց, որ Սերյոժան բանակ էր զորակոչվել հունվարին, ծառայում էր Կապանում։
18-ամյա Սերյոժան սովորում էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի տնտեսագիտություն բաժնում։ Սերյոժա Ստեփանյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 21-ին ընտանեկան գերեզմանատանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 23-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող»։