Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին․ Արեգնազ Մանուկյան
Առողջապահության նախարարն այսօր հայտարարել է, թե ոստիկանական ուժերը գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունն իրականացնում են ամենայն պատշաճությամբ։
Նա նաև իր զարմանքն է հայտնել ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի առումով:
Այս խոսքերը հերթական անգամ վկայում են, որ տիկինն իր տեղում չէ: Ավանեսյանը ժողովրդավարական է համարում այն, որ ոստիկանը ոտքով հարվածում է գետնին տապալված ցուցարարին, կամ էլ՝ զարմանում է ոստիկանի ամուր նյարդերի վրա, երբ ձեռքերը ոլորած ցուցարարին ոստիկանական հագուստի մեջ գտնվող երկոտանին մի հատ էլ հետևից հարվածում է գլխին:
Փաստորեն, Ավանեսյանը սպասում էր, որ ոստիկանը պետք է նաև կրակեր ու սպաներ ցուցարարին, բայց դա չի անում, քանզի ամուր նյարդեր ու համբերություն ունի:
Եթե Ավանեսյանն ուզում է զարմանալ, ապա պետք է զարմանար 2018-ին ու ինքն իրեն հարց տար, թե այդ ինչքա՞ն ամուր նյարդեր ունեին ոստիկանները, երբ ոչինչ չարեցին այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները գրոհեցին Ռադիոտան շենքը, որը հատուկ պահպանվող տարածք է և ոստիկանն օրենքով կարող էր նաև այդ դեպքում զենք օգտագործել:
Ավանեսյանին չի՞ զարմացրել այն, որ Նիկոլն ապօրինություններ էր անում, բայց ոստիկանությունն անգործություն էր դրսևորում «հեղափոխության» օրերին:
Ավանեսյանը պետք է առնվազն զարմանար, երբ 2008-ի մարտի 1-ին Նիկոլը բախումներ հրահրեց, մարդկանց ուղարկեց կրակի բերան, 10 զոհի պատճառ դարձավ ու ծլկեց:
Զարմացած պետք է լիներ Ավանեսյանը նաև այն դեպքում, երբ դատաիրավական համակարգն այդքան մեղմ գտնվեց Նիկոլի հանդեպ, ու հիմա նրա հրահանգով ապօրինաբար կալանավորում է անմեղ մարդկանց:
Իրականում զարմանալու ու զայրանալու առիթներ մե՛նք ունենք: Առանձին ոստիկաններ ակնհայտ ապօրինության են դիմում, կան բազմաթիվ ապացույցներ, բայց դատախազությունը զրո ռեակցիա է ցույց տալիս:
Զայրանալու առիթ է նաև այն, որ Նիկոլն ակնհայտ ադրբեջանամետ քարոզ ու քայլեր է անում, բայց մեր երկրի համապատասխան մարմինները գործի չեն անցնում: Բայց ոչինչ, սա էլ կանցնի: Տիկին նախարարուհին էլ կվտարվի իր աթոռից՝ իր շեֆի հետ միասին, քանզի զարմանալի է նման մարդկանց գտնվելը պետական կառավարման համակարգում:
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից