Աշտարակի՝ մեծ շուքով, երգով ու փիառով ընտրված քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը կորել է: Իհարկե, ոչ ֆիզիկապես, այլ ընդամենը հանրային և հրապարակային քաղաքական դաշտից:

Բանն այն է, որ ոչ վերջինիս ՖԲ էջում, ոչ էլ քաղաքապետարանի էջում քաղաքապետի մեգա ակտիվության շունչն անգամ չի զգացվում: Շահվերդյանը շնորհավորել է քաղաքացիների Ամանօրն ու Սուրբ Ծնունդը, շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու և ընտրելու համար, իբրև իրական ջենթլմեն շնորհավորել է կանանց և աղջիկների Մարտի 8-ը և վերջ:

Քաղաքապետարանի ՖԲ էջից էլ պարզ է դառնում, որ այնպես չէ, որ կառույցը պարապուրդի է մատնված, բնավ, պարզապես առավել մեծ ակտիվություն ցուցաբերում  է ոչ թե քաղաքապետը՝ ինչպես սպասվում էր, այլ, օրինակ, ավագանու անդամները, փոխքաղաքապետը:

Շահվերդյանի անունը ընտրություններից հետո հնչեց մամուլում մեկ անգամ, այն էլ սկանդալային պատմության ֆոնին: Դրանից հետո քաղաքապետի ակտիվությունը կտրուկ նվազել է, ինչը դժվար թե հասկանալի լինի Աշտարակի բնակիչների համար, որոնց մեծ մասը գնացել էր ընտրատեղամաս և ձայնը տվել հենց Շահվերդյանին:

ՔՊ-ական քաղաքապետերին, ի դեպ, բնորոշ է նախընտրական շրջանի մեգա ակտիվությունից հետո կորչել, երբ արդեն ընտրված են և հասարակության հետ հետադարձ կապի, հաշվետու լինելու որևէ պարտավորություն իրենց առաջ չեն զգում:

ՔՊ-ի կողմից աջակցությունը, թերևս, ազդել է նաև Շահվերդյանի վրա, և վերջինս որոշել է շարունակել այս ավանդույթը…

lurer.com