Թունավորման կասկածով հիվանդանոց տեղափոխված երեխաները բրնձով շիլա եւ հավի կրծքամիս են կերել. մանկական կենտրոնի տնօրեն
«Էլկա» մանկական զարգացման կենտրոնի 9 սաները, որոնք երեկ՝ նոյեմբերի 9–ին, սննդային թունավորման կասկածով, տեղափոխվել են հիվանդանոց, կերել էին բրնձով շիլա եւ հավի կրծքամիս։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Գայանե Տեր–Պետրոսյանը։
«15 երեխա է կերել, սկզբում 6–ից 8 երեխա վատ զգաց։ Ես անմիջապես շտապօգնություն կանչեցի, երեխաների հետ միասին գնացի հիվանդանոց։ Նրանց կաթիլային միացրին, մոտ կես ժամ հետո իրենց արդեն լավ էին զգում, բայց ամբողջ գիշեր կաթիլային են ընդունել։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 8 երեխաներն այսօր արդեն դուրս են գրվել։ Երեխաներից մեկն էլ ավելի ուշ է ախտանշաններ ունեցել, նրան տեղափոխել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Վերջինս դեռ կաթիլային է ստանում»,– նշեց Գայանե Տեր–Պետրոսյանը։
Ըստ մանկական կենտրոնի տնօրենի՝ հավի կրծքամիսը եղել է տեղական «Սպիտակ» ընկերության արտադրանք, իսկ բրինձը թաիլանդական է։
Սննդամթերքի անվտանգության եւ տեսչական մարմինը նախօրեին նմուշառումներ է արել ուտելիքից եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության։ Մինչ փորձաքննության արդյունքների լինելը, «Էլկա» մանկական զարգացման կենտրոնը չի գործի։
Գայանե Տեր–Պետրոսյանը նշեց, որ երեխաները ժամը 13։00–ից են մանկական կենտրոնում եղել, իսկ մինչ այդ դպրոցում են եղել։ Երեխաները 8-11 տարեկան են։