Գերիների վերադարձի գործընթացը չի կանգնել ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով. Բորիս Ավագյան
«Գերիների վերադարձի գործընթացը չի կանգնել ԱԺ արտահերթ ընտրությունների պատճառով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց գերիների վերադարձի հարցով զբաղվող Բորիս Ավագյանը՝ վստահեցնելով, թե գործընթացը շարունակվում է, դրանով զբաղվում է Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Ավագյանը հույս հայտնեց, որ մոտակա ժամանակում արդյունքներ կտեսնենք։ Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և փաստին, որ կառավարությունը կրկին ձևավորելու է Նիկոլ Փաշինյանի թիմը, Ավագյանը նշեց.
«Հույսով լինենք, որ նրանք կփոխեն իրենց վերաբերմունքը և կաջակցեն գերիների վերադարձի գործընթացին»
Մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինուժի կողմից շրջափակված և գերեվարված Հայաստանի Զինված ուժերի պայմանագրային վեց զինծառայողներից չորսը հայրենիք է վերադարձել։
Մյուսների վերադարձի հարցում բանակցություններ են ընթանում։
Բաքվում հայ գերիներին մեղադրում են, իբր, ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու համար։ 14 հայ ռազմագերու դեմ հարուցված քրեական գործը քննվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Արդյո՞ք ուշացա՞ծ չէ նրանց վերադարձի գործընթացը, Ավագյանը դատավարությունը որակեց ներկայացում։
«Ես հաշվում եմ, որ դա բեմադրված դատավարություն է և չեմ կարծում, որ այդ կեղծ դատավարությունները, որոնք ընթանում են մեր հայրենակիցների նկատմամբ, ինչ-որ կերպով կանդրադառնան նրանց վերադառնալու գործընթացում։ Դա շոու է»։