Սեյրան Օհանյանը քվեարկեց (Տեսանյութ)
Քիչ առաջ 9/41 տեղամասում քվեարկեց Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը գլխավորող Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա տեղամաս էր եկել կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ:
«Ես քվեարկել եմ ժառանգությամբ մեզ փոխանցված լավագույն ավանդույթների հենքի վրա՝ համախմբված կերպով մեր ժողովրդի ապագան ավելի բարեկեցիկ դարձնելու համար, հանուն արդար, ազնիվ Հայաստանի, հանուն մեր ժողովրդի համար ավելի զարգացող տնտեսություն ձևավորելու, ավելի բարեկեցիկ կյանք ձևավորելու համար»,– քվեարկությունից հետո լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը։
Խոսելով ընտրակեղծիքների և ահազանգերի մասին՝ նա նշեց, որ իրենք բոլոր խախտումների մասին տեղեկացել են, և այժմ այդ տեղեկությունների հիման վրա դաշինքի շտաբն իրադրությունն է գնահատում և պահում վերահսկողության տակ։
Ս. Օհանյանը հորդորեց այս օրն անցկացնել հանդարտ և անսասան հավատքով, և հավելեց, որ դաշինքի անդամներով այսօր այցելելու են Եռաբլուր՝ քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը հարգելու նպատակով։

