Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը
19
Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով. նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծափերով դիմավորեցին դատարանում Սպասվում է ապոկալիպսիս. իշխանությունը խոսում է թանկացումների մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Փաշինյանը վրեժ է լուծում Ալիեւի փոխարեն. Իշխան Սաղաթելյան Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ Հավատաքննիչ ինկվիզատորները կամ 1937 թ․-ի ոգուն համահունչ «տրոյկան» ԱԺ-ում

Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ այսօր հրավիրել է տոնական ընդունելություն: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.


Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ.
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն հյուրեր,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ։

Այսօր մենք նշում ենք Հայաստանի անկախության հռչակման 27-րդ տարեդարձը։ 1991 թվականի այս օրը կայացած հանրաքվեն, որպես ժողովրդի կամքի արտահայտման ուղղակի եւ բարձրագույն ձեւ, հստակ ցույց տվեց այդ հանրաքվեով, թե ինչ է ուզում մեր ժողովուրդը. քաղաքական անկախություն արտաքին աշխարհում և ժողովրդավարություն ներքին կյանքում։

Մեր ժողովրդի բոլոր շերտերը, բոլոր խավերը միահամուռ կերպով ընտրեցին մի ճանապարհ, որ, իհարկե, դժվար էր լինելու, բայց միակ ճշմարիտ եւ միակ պատվաբեր ճանապարհն էր։

Մենք այսօր արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մոտեցրին այդ բաղձալի օրը, արժանին ենք մատուցում բոլոր նրանց, ովքեր մարտնչեցին այդ թանկ պարգեւը` ազատությունը, անկախությունը պաշտպանելու համար։ Անցած 27 տարիները եղան երբեմն դրամատիկ, երբեմն ողբերգական, երբեմն հերոսական տարիներ, հաճախ պսակվեցին բարդագույն խնդիրների փայլուն լուծումներով։ Այդ ճանապարհին, ցավոք, արձանագրվեցին սխալներ, իսկ երբեմն՝ նույնիսկ հանցագործություններ։ Բայց մի բան մնաց աներեր եւ անկոտրում՝ մեր ժողովրդի կամքը։ Անշեղ մնաց մեր ժողովրդի մղումը դեպի ազատություն, դեպի ժողովրդավարություն, դեպի արժանապատվություն, դեպի անկախություն։ Այս ընթացքում ստեղծվել եւ ամրացել են մեր պետական հաստատությունները։ Դրան մենք հասել ենք իշխանությունների, ընդդիմության եւ մեր ողջ ժողովրդի համատեղ ջանքերով։

Պետականաշինության ասպարեզում մեր ձեռքբերումներն անուրանալի են։ Դրանց ամենավառ վկայությունն այն է, որ նույնիսկ երկրում տեղի ունեցող հեղափոխական իրադարձությունների ընթացքում Հայաստանի պետական մեքենան, նրա կառույցներն աշխատեցին գրեթե անխափան։ Հեղափոխությունները լրջագույն քննություն են ցանկացած պետության համար, եւ մեր պետական կառույցները բռնեցին այդ քննությունը։ Բայցեւայնպես, մեր պետական կառավարման համակարգը լրջագույն բարեփոխումների կարիք ունի, եւ այդ բարեփոխումները պետք է լինեն թե բովանդակային, թե՛ կառուցվածքային, թե՛ կազմակերպչական: Երկրի հետագա զարգացումը անհնար է պատկերացնել առանց արդյունավետ, պրոֆեսիոնալ, մարդակենտրոն կառավարման համակարգ ունենալու:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր երկիրը թեւակոխել է պատմական մի նոր ժամանակաշրջան եւ մեր ուսերին է ընկել նախորդ 27 տարիների խնդիրները լուծելու պատասխանատվությունը:
Դրանցից առանցքայինն այն է, որ կոռուպցիոն սխեմաները միահյուսված պետական կառույցներին, ախտահարել են մեր ողջ պետական համակարգը, ինչն էականորեն խանգարում է թե՛ մեր տնտեսության, թե՛ մեր հասարակության զարգացմանը:

Մեր այսօրվա խնդիրն է արմատախիլ անել բոլոր կոռուպցիոն սխեմաները: Ձեւավորել անկախ եւ օրինական դատական համակարգ, երաշխավորել խոսքի եւ քաղաքական գործունեության ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանվածությունը: Մեր խնդիրն է նոր խթան հաղորդել մեր տնտեսությանը, որի հենասյունը պետք է լինի ազատ եւ ստեղծարար քաղաքացին, ով հավատում է ինքն իր ուժերին, հավատում է, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը, հավատում է, որ թեկուզ սկսելով զրոյից, կարող է իր աշխատանքով, գործարար տաղանդով նոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:

Նոր Հայաստանի առանցքային դերակատարներից պետք է լինեն նոր ոճի, նոր սերնդի գործարարները, ովքեր հարստացել են սեփական աշխատանքով ու քրտինքով եւ ովքեր կառավարության հետ համատեղ, համահավասար իրենց պատասխանատու են զգում երկրում նոր տնտեսական համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ կառուցելու համար: Եւ մենք ամեն ինչ անելու ենք այս մարդկանց զորակցելու, աջակցելու համար: Նոր ոճի, նոր սերնդի գործարար ասելով, ի դեպ, նկատի ունեմ ոչ միայն այն գործարարներին, ովքեր նոր են ի հայտ գալու, այլեւ բոլոր նրանց, ովքեր մինչեւ այժմ գործել են կամ պատրաստ են գործել օրինականության, տնտեսական ազնիվ մրցակցության, սիրո եւ համերաշխության տրամաբանության ներքո:

Եւ մենք, բոլոր այս մարդկանց հետ մշտական երկխոսության եւ համագործակցության պայմաններում, միասին պիտի էականորեն փոխենք մեր երկրի տնտեսական կառուցվածքը՝ Հայաստանը ագրարային, հանքարդյունաբերող եւ խաղադրույք կատարող երկրից վեր ածելով բարձր տեխնոլոգիական արտադրանք թողարկող, արդյունաբերական, թվային եւ տեխնոլոգիական երկրի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր արտաքին քաղաքական ամենակարեւոր հիմնախնդիրը Արցախի հարցի խաղաղ կարգավորումն է։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Մենք կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ անելու ենք մեզանից կախված ամեն ինչ՝ հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար։ Ադրբեջանի կողմից հնչող պատերազմական սպառնալիքները չունեն որեւէ հեռանկար. ենթադրել, թե մենք վախենալու ենք այդ սպառնալիքներից եւ բավարարելու ենք Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, սին են։ Այո, մենք կառուցում ենք խաղաղասեր, ժողովրդավար եւ մարդասիրական գաղափարներ դավանող պետություն, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր ապագան։

Արտաքին քաղաքական ոլորտում մենք աշխատում ենք, որպեսզի մեր բոլոր միջազգային գործընկերների համար հասկանալի լինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների իրական բովանդակությունը: Մենք ասել ենք ու ասում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:

Մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ մենք կապված ենք բազում եւ դարավոր կապերով։ Մենք մտադիր ենք էլ ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք նաեւ զարգացնելու ենք մեր հարաբերությունները Եվրոպական միության, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև մեր անմիջական հարեւանների՝ Վրաստանի եւ Իրանի հետ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր իսկապես մեծ տոն է Հայաստանում: Մեր երկիրը տոնում է իր անկախության 27-րդ տարեդարձը: Եւ այդ տոնը կրկնապատիկ արժեւորվում է, եթե հաշվի ենք առնում, որ այս օրերին Հայաստանում տիրում են նույնպիսի, եթե չասենք շատ ավելի մեծ ոգեւորություն եւ լավատեսություն, ինչ 1991 թվականին Անկախության հանրաքվեի օրերին: Մաղթում եմ մեզ, որ այս նորահայտ եւ համաժողովրդական ոգեւորությանն ու ուրախությանը չհետեւեն հիասթափություններ եւ հուսահատությունը այլեւս չվերադառնա մեր երկիր: Աստված մեզ բոլորիս ուժ եւ իմաստնություն տա՝ այս խնդիրը լուծելու համար:

Սիրելի ներկաներ, այսօրվա խոսքս ուզում եմ ամփոփել մի խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: Այսօր՝ հենց հիմա, ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով՝ Բաղրամյան 26-ի դռները կբացվեն, ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլեւս երբեք մեկուսացած ու կտրված չի լինի ժողովրդից: Հայաստանի քաղաքացիներն այսուհետեւ ազատորեն կարող են մուտք գործել վարչապետի, հետագայում՝ նախագահի նստավայրի տարածք եւ այն օգտագործել, որպես զբոսավայր, որպես ժամանցի վայր: Մենք հույս ունենք, որ այս դռները այլեւս երբեք չեն փակվի՝ խորհրդանշելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունն այլեւս անշրջելիորեն պատկանում է ժողովրդին, պատկանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

Եւ ուրեմն,
Կեցցե՛ անկախությունը,
Կեցցե ՛Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,
Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում:

Սիրելի հայրենակիցներ,
Եւ վերջում, ուզում եմ իմ առանձնահատուկ շնորհավորանքները հղել սահմանին կանգնած մեր բոլոր զինվորներին, Հայաստանի զինված ուժերի բոլոր սպաներին եւ շարքայիններին, Հայաստանի զինված ուժերի, հայ ժողովրդի բոլոր նահատակներին, և խոնարհվում եմ նրանց առաջ այս տոնական և սրբազան օրը, խոնարհվում եմ նրանց առաջ և արձանագրում, որ մենք գիտակցում ենք նրանց հիշատակի առաջ մեր ունեցած բարձր պատասխանատվությունը:

Փա՛ռք Հայոց բանակին: Փա՛ռք Հայոց զինվորինների: Փա՛ռք Հայոց նահատակներին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>