Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն
Հայաստանը 30 տարուց ավել ապրել է կոնֆլիկտի մեջ, հիմա ակնհայտ է, ուզես թե չուզես, չեն կարող ՌԴ–ի հետ հարաբերությունները նույնը լինեն, որովհետև այլևս Հայաստանը կոնֆլիկտ չունի Ադրբեջանի հետ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Երրորդ խաղացող, քաղաքական գին հասկացողությունը փոխվել է, շուկաները տնտեսական փոխվել են, որովհետև ուղիներն են փոխվել, Միջին միջանցքի գաղափարն է ի հայտ եկել, որը իրագործվում է, կոմունիկացիաներն են բացվում, Հայաստանը Ադրբեջանից գնումներ է անում։ Ռուսաստանում էլ է շատ բան փոխվել, հա, իր գնումների ուղղությունները փոխվել են դեպի Չինաստան, Հյուսիսային Կորեա, եվրոպական շուկաները այլևս փակվել են։ Չի կարող սա որևիցե բան չփոխել տնտեսական հարաբերությունների մեջ։ Մենք ակնկալում ենք, որ նստենք հաշվարկենք, հասկանանք, թե ինչը որ երկրին ձեռք է տալիս՝ առանց որևիցե մեկին նեղացնելու, առանց որևիցե մեկի հետ ինչ-որ հակամարտության մեջ մտնելու, ընդհանուր շահերը հասկանալ և կիսել»,–ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազան հանելու խոսակցություններին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե իրենք ուզում են, կարող են լքել, եթե ուզում են՝ կարող են մնալ։ Դա իրենց օրակարգն է, ՌԴ նախագահն է այդ հարցը բարձրացրել։ Ենթադրում եմ, որ իրենք ինչ–որ առաջարկ ունեն, կամ գուցե մտածում են, որ ուզում են դուրս գալ։ Դա նույնպես մեզ համար ընդունելի տարբերակ է։ Կարող է ռուսական կողմն ասել՝ իմ վրա թանկ է նստում, արի իրար հետ անենք, կամ ասում է՝ ես ուզում եմ հանեմ, կամ ես պատրաստ եմ վճարել, բայց մի քիչ էլ երկարացնել պայմանագիրը։
Դուք մատնանշում եք Թուրքիայի հետ կապված սպառնալիքը, ես ասում եմ, որ օգոստոսի 8-ից հետո այդ սպառնալիքի գոյությունը իմ գնահատմամբ զրո է։ Որովհետև բազայի գոյության պարագայում, ռուսական խաղաղապահների գոյության պարագայում մենք տեսանք՝ ինչ տեղի ունեցավ։ Ի՞նչ արեց բազան, երբ ռուսական ուղղաթիռ խփվեց»։
Աղբյուր՝ News.am

