Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը
Սեպտեմբերի 22-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականի հիմնական թողարկման ընթացքում Անդրանիկ Թևանյանի շինծու գործի վերաբերյալ ներկայացվեց իբր տեղեկատվություն, որն իրականում ավելի շատ մանիպուլյատիվ, մոլորեցնող և քարոզչական դրսևորում էր։
Պատահական չենք ասում, որ գործող իշխանությունները տեղեկատվական դաշտում աշխատում են Հիտլերի գլխավոր պրոպագանդիստ Յոզեֆ Գեբելսի ոգով ու սկզբունքներով։ Հետևաբար, գեբելսյան քարոզչության ոգով սեպտեմբերի 22-ին Հանրայինի լրատվականը տեղեկացնում է, որ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարաձգվել է երեք ամսով։
Մինչդեռ Թևանյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել էր դեռ սեպտեմբերի 8-ի դատական նիստի ընթացքում։
Ու ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Հանրայինի լրատվական թողարկման ստեղծագործական խումբը որոշել հանրայինի եթերով հանրությանը այդ մասին տեղեկացնել 12 օր անց։
Պատճառն այն է, որ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված քրեական գործը օր օրի ավելի ակնհայտորեն փլուզվում է։ Դատաիրավական համակարգը այս գործով խորքային ճգնաժամի մեջ է։
Մի կողմից՝ գործը ջուր է, մեղադրանքը կառուցված է հիվանդ երևակայության արգասիքների ու անհեթեթ պնդումների վրա։
Մյուս կողմից՝ քաղաքական իշխանությունը, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, ճնշում է բանեցնում դատաիրավական համակարգի վրա՝ Անդրանիկ Թևանյանին մեկուսացնելու, աշխարհաքաղաքական խնդիր լուծելու և նրան վարկաբեկելու նպատակով։
Մի կողմից՝ շատ դժվար է ակնհայտորեն անհիմն մեղադրանքով մարդկանց երկար ժամանակ մեկուսացված պահել, մյուս կողմից՝ առավել քան դժվար է քաղաքական կոշտ պատվերին ավտորիտար ռեժիմի պայմաններում դիմագրավելը։
Հանրային ճնշման ներքո սեպտեմբերի 22-ին Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի։ Դատարանի որոշմամբ տնային կալանքը սահմանվել է երեք ամսով և ուղեկցվում է շփման սահմանափակումներով։ Հաշվի առնելով Արեգնազ Մանուկյանին առաջադրված մեղադրանքի, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, անհիմն բնույթը՝ սա ևս քաղաքական հետապնդման շարունակություն է՝ դրա միայն մեղմացված դրսևորմամբ։
Շինծու այս քրեական գործով իշխանությունը հայտնվել է պատային վիճակում։ Ավելի քան չորս ամիս իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, անհիմն մեղադրանքներով շահարկում էին Անդրանիկ Թևանյանի գործը, հասարակությանը փորձում էին համոզել, որ «դարի լրտեսության ու դավաճանության» գործ են բացահայտել, բայց գործը, ինչպես պնդում է պաշտպանական կողմը, անկասելիորեն փլուզվում է՝ ապացույցների ու հիմքերի բացակայության պայմաններում։
Հրապարակայնորեն խայտառակությունից խուսափելու համար քարոզչական տիրույթում անհույս ջանքեր են գործադրում՝ կիրառելով Անդրանիկ Թևանյանի հասցեին «լկտի ստեր» տարածելու արատավոր պրակտիկան։ Ու նման իրավիճակում անհրաժեշտ է եղել Հանրային հեռուստաընկերության ծառայությունը։
Քաղաքական պատվեր կատարելու անընդունելի դրսևորումները միշտ էլ ուղեկցել են Հանրայինին, սակայն Անդրանիկ Թևանյանի գործով պարզապես անցնում են բոլոր սահմանները։
Վերոհիշյալ անորակ քարոզչական հատվածում Հանրայինի լրատվական բաժինը Անդրանիկ Թևանյանի գործի մասին հանրությանը տեղեկություն է փոխանցում՝ հղում անելով դեռ մայիսին ԱԱԾ-ի ու ՀՀ քննչական մարմինների տարածած հաղորդագրություններին, որոնք իրենց հերթին տարածվել էին Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզում հնչեցրած մեղադրական ելույթից հետո։
Սակայն հաշվի չեն առնում, որ ամիսներ անց «դարի լրտեսական գործը» մտնում է դատարան արդեն առանց այն մեղադրանքների, որոնք նախկինում հնչեցնում էին իրավապահ մարմիններն ու քաղաքական իշխանության ներկայացուցիչները։
Արդյո՞ք Հանրայինը պարտավոր չէր ձայն տալ նաև պաշտպանական կողմին՝ հանրությանը այս մասին իրազեկելու համար։
Պաշտպանական կողմի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ դատարան ուղարկված մեղադրանքում չեն ներառվել 622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք փոխանցելու վերաբերյալ նախկին պնդումները։ Չեն ներառվել նաև օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրման վերաբերյալ նախկին պնդումները։ Ներկայացված մեղադրանքները նաև հրապարակային հերքել է Անդրանիկ Թևանյանը։
Այսինքն՝ Հանրայինը սեպտեմբերի 22-ին հանրությանը ներկայացնում է նախկինում տարածված հաղորդագրությունների բովանդակությունը՝ առանց պատշաճ կերպով ներկայացնելու այն հանգամանքը, թե այդ պնդումներից որոնք են մնացել դատարան ուղարկված մեղադրանքի շրջանակում, իսկ որոնք՝ ոչ։ Յուրաքանչյուր նորմալ ժողովրդավարական երկրում նման խայտառակությունից հետո իրավապահ համակարգի ղեկավար կազմը հրաժարական կտար ու պատասխանատվության կենթարկվեր։
Սակայն Նիկոլ Փաշինյանի կառուցած ավտորիտար, կոնցլագերային ռեժիմի օրոք այլ բարքեր են։ Քարոզչական մանիպուլյացիաների են դիմում՝ գործ կարելու տապալումը կոծկելու համար։ Այդ պատճառով է, որ սեպտեմբերի 22-ին Հանրայինը տեղեկատվություն է տալիս շուրջ հինգ ամսվա վաղեմություն ունեցող հաղորդագրությունների մասին, որոնց բովանդակությունը, ըստ պաշտպանական կողմի ներկայացրած փաստերի, էապես տարբերվում է դատարան ուղարկված մեղադրանքի բովանդակությունից։
Ու ցավալին այն է, որ Հանրայինի լրատվական բլոկի որևէ աշխատակից՝ խմբագիր, լրագրող կամ հաղորդավար, չի ասել. հանրության հարկերով սնվելով՝ մենք ի՞նչ բարոյական իրավունք ունենք նման քարոզչական նյութերով հանրությանը մոլորեցնելու։
Բարոյական ճգնաժամերի պայմաններում միշտ էլ հակահերոսների պակասություն չի լինում, սակայն անգնահատելի են իրական հերոսները, որոնք ամենատարբեր ոլորտներում իրենց մեջ կամքի ուժ են գտնում՝ բողոքելու ու ոչ ասելու անարդարություններին։
Փաստենք, որ Հանրայինի լրատվական բաժնում նման հերոսներ չեն գտնվել։
Դերենիկ Մալխասյան
Zham.am

