«Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Յուրաքանչյուր երկիր գուցե պետք է ունենա իր Դրեյֆուսի գործը։
Հիշեցնեմ, որ 1894 -ին պետականին, դավաճանության մեղադրանքով Ֆրանսիայում ցմահ դատապարտվում է ֆրանսիական սպա Ալֆրեդ Դրեյֆուսը։
Այն հաճախ դիտարկվում է որպես անարդար վճռի առանձնահատուկ օրինակ։
Այդ ժամանակ մամուլում արտահայտվեց տեսակետ, ըստ որի՝ Դրեյֆուսի մեղքն ապացուցված չէ, և հնարավոր է դատական սխալի առկայություն։ 1896 թվականին տպագրվեց Լազարի «Դատական սխալ» գրքույկը, որով ապացուցվում էր Դրեյֆուսի անմեղությունը։ Նույն թվականին հետախուզական բյուրոյի ղեկավար, գնդապետ Ժորժ Պիկարը գեներալ Գոնզին ցույց տվեց փաստաթղթի ձեռագրի նմանությունը մեկ ուրիշ սպայի՝ մայոր Էստերխազիի ձեռագրին։ Կարծիքը հայտնելուց հետո Պիկարն անմիջապես տեղափոխվեց Թունիս։ Սակայն Պիկարը իր կասկածները հայտնում է սենատոր Շերեր-Կեստներին, որը Սենատում հանդես է գալիս և պահանջում Դրեյֆուսի դատավճռի վերանայում։
Սենատոր Շերեր-Կեստների բողոքը էական փոփոխությունների չհանգեցրեց. նույնիսկ որոշում եղավ, որ Դրեյֆուսի նկատմամբ հսկողությունն ուժեղացնեն։ Իսկ ռազմական նախարար Բիլյոն նախկին նախարար Մերսյեի պես պնդում էր, որ Դրեյֆուսը մեղավոր է։
Չեմ ցանկանում այդ գործի մասին երկար պատմել, ցանկացողները մանրամասները կարող են գտնել։ Գործի բողոքարկման ժամանակ գործող իշխանությունը շարունակում է պնդել, որ Դրեյֆուսը մեղավոր է, բացահայտվում են կեղծ փաստաթղթեր, կեղծողներից մեկն ինքնասպանություն է գործում, նախարարներ են հրաժարական ներկայացնում։
Վերջապես, երկար պայքարից հետո, 1906 թվականին Դրեյֆուսը լիովին արդարացվում է. նրա վրայից հանվում են բոլոր մեղադրանքները, վերականգնում են բանակում և պարգևատրում Պատվո լեգեոնի շքանշանով։
Դրեյֆուսի գործում մեծ դեր են կատարում հանրային գործիչները, հատկապես՝ գրող Էմիլ Զոլան։
Գանք Անդրանիկ Թևանյանի մեղադրանքին։ Պաշտոնական մեղադրանքում հանվել են ԱԱԾ սկզբնական մեղադրանքի գլխավոր թեզերը, սակայն Հ1-ի նորությունների թողարկման ժամանակ դատարանում պաշտոնական մեղադրանքներից արդեն իսկ հանված ՛՛մանրամասները՛՛ նորից են ներկայացվում։ Գործ ունենք նույն երևույթի հետ, ինչը Դրեյֆուսի գործում, իշխող ռեժիմն իր դեմքը փրկելու համար շարունակում է հանրությանը կեղծիքներով կերակրել»։

