Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների» մասին ՀՀ օրենքով պետությունը չի կարող խառնվել եկեղեցու ներքին գործերին. պետության մեջ մտնում են բոլոր 3 իշխանությունները՝ օրենսդիր, գործադիր, դատական։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Վաղարշապատի նստավայրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ «քրեական գործով» նախնական դատալսումներին ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։
«Այս առումով, այո, դատարանը չէր կարող հայցն ընդունել վարույթ»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են՝ «Կաթողիկոսը տնօրինություն ընդունելով՝ խոչընդոտել է դատական ակտի կատարմանը»։
«Մենք ասում են՝ Կաթողիկոսի կանոնական իրավասության դաշտում է հոգևորականին կարգալույծ հռչակելու վերաբերյալ տնօրինություն ընդունելը։ Հայաստանի վարչապետը չունի եպիսկոպոս ազատելու, եպիսկոպոսի կարգավիճակը պահպանելու լիազորությունը, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի։ Դա Կաթողիկոսի լիազորությունն է, հետևաբար եթե որևէ մարմին՝ քննիչ, դատավոր, դատախազ, երբ որ միջամտում է, փորձում է ազդեցություն ունենալ Կաթողիկոսի այդ լիազորության վրա, հակադրվում է Սահմանադրական երաշխիքն՝ եկեղեցու ինքնավարությունը»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ հիմա պատմական դատ է ընթանում։
Պաշտպանը նշեց, որ մյուս եպիսկոպոսներին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի խոչընդոտմա համար. «Ինչ են արել. եպիսկոպոսները Գերագույն հոգևոր խորհրդի նիստի ժամանակ կողմ են քվեարկել՝ առաջարկ ներայացնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Նրանք ոչ մի բան չեն արել, խորհուրդ են տվել»։
Ըստ մեղադրանքի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարգալույծ է հռչակել նախկին Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, և հենց այդ կարգալուծումն է մեղադրանքի կողմից որակվել որպես դատական ակտի կատարմանը խոչընդոտում, պահանջվում է Արման Սարոյանը վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

