Գեներալ Յուրի Խաչատուրովը պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ
Գեներալ Յուրի Խաչատուրովը սեպտեմբերի 18-ի դատական նիստում պատմել է իր ձերբակալության հանգամանքները՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար եղած ժամանակ։
Հիշեցնենք, որ նրա փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ կապված այն հանգամանքի հետ, որ ժամանակին չէր հաղթահարվել նրա միջազգային դիվանագիտական անձեռնմխելիությունը։
Յուրի Խաչատուրովը պատմել է, թե իրականում ինչ է եղել։ Նա հայտնել է, որ գտնվում էր իր աշխատասենյակում՝ Մոսկվայում, երբ զանգ է ստացել քննիչից։ Վերջինս խնդրել է ներկայանալ որպես վկա։ «Ես ասացի՝ «լավ, կգամ, եթե պետք է»։ Պատվիրեցի տոմս, մեկ-երկու օր հետո թռա, եկա քննիչ Մուշեղյանի մոտ։ Նա ժպտում է։ Սկսում է ինձ հետ խաղեր տալ, խոսում է։ Հանցագործության վերաբերյալ ոչ մի հարց», - պատմել է Խաչատուրովը։
Հետո հանկարծ գեներալին ասում են, որ իրեն ձերբակալում են։ «Մի քանի ժամ անց դատարանն ինձ կալանավորեց։ Հետո երկար էին խորհրդակցում։ Երևի չէին ուզում շատ փչացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ։ Ազատ արձակեցին գրավի դիմաց։ Մինչ օրս գրավը հետ չեմ ստացել», - շարունակել է Խաչատուրովը։ Գեներալը հավելել է, որ պատրաստ է գրավը թողնել դատարանին՝ աթոռների վերանորոգման համար։ Աթոռները բանի պետք չեն, նկատել է նա։
Գրավը վճարելուց հետո գեներալը թույլտվություն է խնդրել մեկնել Մոսկվա, քանի որ զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Նրան թույլ են տվել, և մինչև նոյեմբեր նա աշխատել է այդ պաշտոնում, մեկնել գործուղումների, նույնիսկ Նյու Յորք։
«Հետո կանչեցին, եկա այստեղ և մինչ օրս դատարաններում եմ։ Չգիտեմ՝ ինչու։ Զեկույցն ավարտված է», - եզրափակել է գեներալը։
Աղբյուր՝ News.am

