ՌԴ-ն չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի եվրաինտեգրումը. Սերգեյ Շոյգու
«ՌԴ-ն պատրաստ չէ և չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը»,- ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների խորհրդակցության ժամանակ հայտարարել է գերատեսչության քարտուղար Սերգեյ Շոյգուն։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Նա ընդգծել է, որ Հայաստանի յուրաքանչյուր քայլն այժմ ունի օբյեկտիվ հետևանքներ, և հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն նշել է մեր երկրի վերաբերմունքն այդ գործընթացներին՝ Երևանից պահանջելով հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Խոսելով ներկայումս տեղի ունեցողի մասին՝ Շոյգուն Հայաստանի իշխանությունների գործողությունները ռուսական բիզնեսի նկատմամբ անվանել է երկակի չափանիշների կիրառում։
«Այն, ինչ տեղի է ունենում ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»։ Ընդ որում, առաջ քաշվող փաստարկներն ակնհայտորեն անհեթեթ են, օրինակ՝ այն, որ Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղիների կառավարման շարունակման դեպքում»,— ընդգծել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է ևս մեկ մանրամասն. 90-ական թվականներին հենց Ռուսաստանն է փրկել Երևանին էներգետիկ և տնտեսական փլուզումից (կոլապսից)։ Իսկ վերջին 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ին անդամակցության հաշվին Հայաստանի տնտեսությունն աճել էเกեթե երեք անգամ։ Սակայն ներկայիս իշխանությունները միևնույն է որդեգրել են Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման և Արևմուտքի հետ համագործակցության ամրապնդման կուրս։
Արևմտյան երկրները ձգտում են մեծացնել Ռուսաստանի համար սպառնալիքները Անդրկովկասում և մեկուսացնել այն տարածաշրջանի գլոբալ գործընթացներից։
«Ակնհայտ է Երևանի ձգտումը՝ ընդլայնելու փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, և ակնհայտ սպառողական վերաբերմունքը տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ»,— նշել է Շոյգուն։

