ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան
«Հայաստանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ իշխանությունը վերջին տարիներին հետևողական պայքար է սկսել ազգային գաղափարախոսության, ազգայինի նկատմամբ։ Սա լոկ Դաշնակցության դեմ պայքար չէ, իբրև կուսակցություն, պայքար է հայկականության, համահայկականության դեմ, ազգային գաղափարախոսության ու ազգային նկարագրի դեմ»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա, այն, ինչ անում է ՔՊ-ն, Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ դենացիոնալիզացիայի ծրագիր է։
«Նրանք փորձում են Ալիևի և Էրդողան պահանջով և նրանց թելադրած օրակարգով ունենալ նոր Սահմանադրություն, ունենալ Հայաստան, որը զերծ է իր պատմական հիշողությունից, ինքնությունից, որտեղ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին չունի հատուկ դեր ու նշանակություն, հայ ժողովրդի իրավունքներն այևս երկրորդական պլան են։ Դաշնականություն իբրև համահայկական ազգային քաղաքական ուժ, գլխավոր թիրախներից մեկն է, բայց ոչ միակը, տեսնում եք՝ ինչ է կատարվում տարբեր քաղաքական գործիչների, հատկապես եկեղեցու նկատմամբ»,- ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ական Արման Եղոյանն առաջինը չէ, ով երեկ ասել էր՝ «Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի»։
«2019 թվականին Նիկոլ Փաշինյանն էլ է խոսել այդ մասին, ասում էր՝ ՀՅԴ-ի թաղում է, մնում է տապանաքարը դրվի։ Կտեսնենք՝ վերջում ում վրա է դրվում այդ տապանաքարը։
Ընդհանրապես, արմատախիլ պետք է արվի ՔՊ-ն ամբողջությամբ, քանի որ դժբախտություն, մահ, ողբերգություն բերած քաղաքական ուժ է, մի ուժ է, որի օրոք զրկվել ենք մեր հայրենիքի մի մասից, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն իրենց իշխանության օրոք խաթարված ու ոտնահարված է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

