Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում»
168.am-ի անդրադարձը.
Այնտեղ են հասել, որ արդեն արտահանման անկումն են փորձում ձեռքբերում ներկայացնել։ Ուրիշներն աճերով են հպարտանում, այս մարդիկ նրանով, որ անկումը մեծ չի եղել։
«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։
Այսպես` 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների (բացառությամբ թարմ մրգի և բանջարեղենի) արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9 տոկոսով»,- օրերս այսպիսի մի հրապարակում էր արել էկոնոմիկայի նախարարը։
Այնպիսի մի հպարտությամբ էլ խոսում է, կարծես արտահանման աճ և ոչ թե անկում են ունեցել։
Որ ագրոպարենային ապրանքների արտահանումը Հայաստանից նվազել է, արդեն վատ է։ Կապ չունի, թե քանի տոկոսով է նվազել։ Ու այդ նվազման մեջ դեռ ներառված չեն թարմ մրգերն ու բանջարեղենը։ Թե ինչո՞ւ է էկոնոմիկայի նախարարը շրջանցել պտուղ-բանջարեղենը, դժվար չէ հասկանալ։ Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն են, որ մեծապես նվազել են։
Յոթ ամիսների տվյալներով, բուսական ծագման արտադրանքի արտահանումը Հայաստանից կրճատվել է գրեթե 32 տոկոսով։ Բուսական ծագման արտադրանքի մեջ է մտնում պտուղ-բանջարեղենը։ Եթե անցած տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից 182 մլն դոլարի բուսական ծագման արտադրանք էր արտահանվել, այս տարի արտահանվել է 124 միլիոնի արտադրանք։ 58 միլիոն դոլարով պակաս արտահանում է եղել։
Նվազում եղել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսեց սահմանափակումներ կիրառել մրգերի ու բանջարեղենի ներմուծումների վրա։ Դրա հետևանքով հունիսին բուսական ծագման արտադրանքի արտահանումը Հայաստանից կրճատվեց 3.4 անգամով։ Եթե նախորդ տարվա հունիսին արտահանվել էր 43 միլիոնի բուսական ծագման արտադրանք, այս տարի արտահանվեց ընդամենը 12.5 միլիոնի արտադրանք։
Հուլիսին չնայած արտահանումը հունիսի համեմատ որոշ չափով ավելացել է, այնուհանդերձ էապես զիջել է նախորդ տարվա մակարդակը։
Նախորդ տարվա հուլիսին Հայաստանից 42 մլն դոլարի բուսական ծագման ապրանքներ էր արտահանվել։ Այս տարի արտահանումը կազմել է ընդամենը 20 մլն դոլար։ Արտահանումն ավելի քան կրկնակի կրճատվել է։
Ու այսքանից հետո էկոնոմիկայի նախարարը խոսում է նոր շուկաներ որոնելու ու գրավելու մասին։ Թե ինչքանո՞վ է դա հաջողվել, երևում է այս ցուցանիշներում։ Մի քանի տոննա պտուղ-բանջարեղենի արտահանումն արդեն մեծ ձեռքբերում են համարում։
Շոու էին սարքել այն, որ համաձայնագիր են ստորագրել շաբաթական 40 տոննա թարմ միրգ-բանջարեղեն ԱՄԷ արտահանելու վերաբերյալ։ Մի բան, որը նույնիսկ արտահանում չէ այն ծավալների մեջ, որը մինչև ռուսական շուկայի սահմանափակումներն իրականացվում էր Հայաստանից։ Այսպիսի ծավալներով էլ ուզում են արտահանման խնդիրները լուծել։
Ռուսական շուկայի փակումից հետո իշխանություններին, ըստ էության, չի հաջողվել ոչ մի լուրջ այլընտրանք ստեղծել, չնայած այս ընթացքում բավական խոշոր գումարներ են ծախսել պետական բյուջեից՝ գյումթերքի արտահանումը սուբսիդավորելու համար։ Սուբսիդավորումից հետո է, որ արտահանման ծավալներն անգամներով նվազել են։ Ու դա այն դեպքում, որ երբեմն կիլոգրամի դիմաց նույնիսկ ավելի մեծ գումարի սուբսիդավորում են տվել, քան արտահանվող ապրանքների ձեռքբերման գներն են եղել։ Տարօրինակ չէ, որ այստեղ արդեն կոռուպցիոն սխեմաների կիրառման առաջին ծիլերն են նշմարվում։
Արտահանման վերաբերյալ պաշտոնական վիճակագրության հրապարակած թվերը ցույց են տալիս, որ շուկաների փնտրտուքը հայկական արտադրողներին դեռ ոչ մի տեղ չի տարել։ Որոշ արտահանումներ տարբեր երկրներ գուցե արվել են, բայց դրանք արտահանման ծավալներում եղանակ չեն փոխել, չնչին ծավալներ են, ինչպես նույն ԱՄԷ պտուղ-բանջարեղենի կամ ձկան արտահանման պարագայում։
Օրերս ՍԱՏՄ-ն մի սրտաճմլիկ հայտարարությունն էր տարածել՝ տպավորություն ստեղծելով, որ ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի արտահանման համար, և կարող ենք անսահման քանակությամբ ձուկ արտահանել։
«Տեղեկացնում ենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) է արտահանվել 60 տոննա ձուկ և ձկնամթերք։ Հաշվի առնելով այդ երկրի շուկայում առկա մեծ պահանջարկը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապը ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ՝ հետագա համագործակցության համար»,- հայտնել էր սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ ընդգծելով, որ կառույցը կապահովի ձկնաբուծությամբ և արտահանմամբ զբաղվող բոլոր շահագրգիռ ընկերությունների կապն ԱՄԷ արտահանող կազմակերպության հետ։
Հիմա ամենակարևորը՝ ԱՄԷ արտահանվող ձուկը պետք է ունենա առնվազն 4 և ավել կիլոգրամ քաշ, որպեսզի «համապատասխանի անվտանգության սահմանված պահանջներին»։ Ի՞նչ անվտանգության պահանջի մասին է խոսքը, հայտնի չէ։ Բայց այդտեղ է, որ ավարտվում է այս ամբողջ շոուն։
Դա պահանջ է, որին պետք է բավարարել։ Իսկ քանի՞ հայկական ընկերություն կարող է բավարարել այդ պահանջը։ Երևի 1-2, եթե նույնիսկ այդպիսիք գտնվեն։ Գտնվելու պարագայում էլ, պարզվում է՝ արտահանումը լինելու է գրեթե ինքնարժեքի սահմաններում։ Ընդ որում, ներառած նաև ձկան արտահանման համար տրամադրված սուբսիդավորումը։
Այսքանից հետո, զարմանալի չէ, որ կենդանական ծագման ապրանքների արտահանումն էլ է նվազել ու հատկապես այն բանից հետո, երբ ռուսական շուկան փակվեց հայկական ձկնամթերքի առաջ։ Այս տարվա 7 ամիսներին Հայաստանից ընդհանուր առմամբ 45 մլն դոլարի կենդանական ծագման արտադրանք է արտահանվել։ Անկումը կազմել է ավելի քան 12.3 տոկոս, ինչը ձևավորվել է բացառապես հունիսին և հուլիսին։ Մինչ այդ կենդական ծագման արտադրանքի արտահանման աճը նույնիսկ երկնիշ էր։ Հինգ ամսվա տվյալներով, գերազանցել էր 15 տոկոսը։
Հունիս-հուլիսի արտահանման արդյունքներով, երբ հայկական ձկնամթերքի համար փակվեց ռուսական շուկան, ոչ միայն արտահանման աճն ամբողջությամբ զրոյացավ, այլև 7 ամիսների արդյունքում երկնիշ անկում գրանցվեց։ Հունիս-հուլիսին Հայաստանից ընդամենը 5.7 մլն դոլարի կենդանական ծագման ապրանք է արտահանվել, այն դեպքում, երբ միայն մայիսին, երբ ռուսական շուկայի սահմանափակումները դեռ չկային, արտահանվել էր 8.1 մլն դոլարի այդպիսի ապրանք։
Այսպես են դիվերսիֆիկացրել հայկական այն ապրանքների արտահանումը, որոնց առաջ փակվել է ռուսական շուկան։ Չնայած տրամադրված միլիարդների հասնող սուբսիդիաներին՝ դրանց արտահանումները մեծապես կրճատվել են։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

