Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել
CBS News հեռուստաընկերության ձեռք բերած նոր լուսանկարները, որոնք փոխանցել են գործող ամերիկացի զինվորականները, առաջին անգամ մանրամասն ցույց են տալիս Իրանի հրթիռային և անօդաչու հարվածներից հետո Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների կրած վնասների մասշտաբները։
Լուսանկարներն արվել են ամերիկյան մի քանի տեղակայման վայրերում և հեռուստաալիքին են փոխանցվել անանունության պայմանով, քանի որ բանակում գործող սահմանափակումների պատճառով զինծառայողներն իրավունք չունեն ազատ շփվել լրատվամիջոցների հետ։
Լուսանկարներից մեկն արվել է Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազայում։ Դրանում երևում է Boeing E-3 Sentry ինքնաթիռը, որը ուղիղ հարված է ստացել։ Ինքնաթիռի պոչամասն ամբողջությամբ պոկվել է, իսկ ֆյուզելաժը՝ խանձվել։ Վնասված ինքնաթիռի վրա տեղադրված է եղել օդային հետախուզության համար օգտագործվող պտտվող ռադարային համակարգ։
Կադրերում երևում են ավերված շենքեր ու զորանոցներ, վնասված մեքենաներ և ոչնչացված կցորդիչներ։ Որոշ շինություններ փաստացի ներսից ամբողջովին այրվել են։ Դրանց կողքին կանգնած են մնացել T-wall կոչվող բետոնե պաշտպանիչ պատնեշները։ Դրանք նախատեսված էին զինվորներին բեկորներից ու ականանետային գնդակոծությունից պաշտպանելու համար, սակայն օդային հարվածների դեմ անարդյունավետ են գտնվել։
Վնասներ են արձանագրվել նաև Քուվեյթի «Քեմփ Արիֆջան» բազայում։ CBS-ը նշում է, որ այս լուսանկարները պատկերացում են տալիս այնպիսի հարվածների հետևանքների մասին, որոնք նախկինում գրեթե հանրությանը հասանելի չեն եղել։
«Սա մեր բազաների կրած լուրջ վնասն է, որի մասին ամերիկյան հանրությանը չեն հայտնել», — հեռուստաալիքին ասել է գործող զինծառայողներից մեկը։ Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները փաստացի հետևում են օբյեկտների ավերմանը՝ չկարողանալով արդյունավետ հակահարված տալ։
Նոր լուսանկարները հայտնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչի զեկույցի հրապարակումից կարճ ժամանակ անց։ Ըստ փաստաթղթի՝ Իրանի դեմ պատերազմում ամերիկյան տեխնիկայի կորուստները գնահատվում են մինչև 3.7 միլիարդ դոլար։ Մասնավորապես, խոսքը մոտ 60 թռչող սարքի մասին է։
Զեկույցում նշվում է նաև, որ իրանական հարվածները հարյուրավոր շենքեր ու շինություններ են վնասել Քուվեյթի, Բահրեյնի, Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Օմանի և Հորդանանի ամերիկյան օբյեկտներում։
Ընդ որում, նոր զեկույցը չի վերաբերում միայն անմիջական վնասին։ Գլխավոր տեսուչի տվյալներով՝ փետրվարի 28-ից հունիսի 30-ը Իրանի դեմ ԱՄՆ ռազմագործողությունը արժեցել է մոտ 33.4 միլիարդ դոլար, որից 22.3 միլիարդը ծախսվել է զինամթերքի վրա։ Դրանց սպառումը հանգեցրել է ռազմավարական պաշարների դեֆիցիտի և ի ցույց է հանել ամերիկյան արդյունաբերության՝ դրանք լրացնելու սահմանափակ հնարավորությունները։
Պենտագոնը չի պատասխանել CBS News-ի՝ հրապարակված լուսանկարները մեկնաբանելու հարցմանը։
Մեկնաբանելով իրավիճակը՝ զինծառայողներից մեկը մերժել է Պենտագոնի ներկայացուցիչների նախկինում օգտագործած «պաշտպանությունը ճեղքած» արտահայտությունը, որը ենթադրում էր պաշտպանական համակարգը պատահաբար անցած եզակի հրթիռներ կամ դրոններ։
«Մենք չենք պաշտպանում այս բազաները։ Մենք պարզապես նայում ենք, թե ինչպես են դրանք ոչնչացնում», — հայտարարել է նա CBS News-ին։

