Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան
«Ալիևի հայտարարությունն այն մասին, որ պատերազմի ժամանակ իրենք միայն ռազմական ստորաբաժանումներն են թիրախավորել, աչքիս առաջ է բերում Հադրութի կենտրոնում 2 անզեն քաղաքացիական անձանց, բառիս բուն իմաստով, գնդակահարությունը, որն, ի դեպ, հենց ադրբեջանցիներն էլ տեսանկարահանել ու զետեղել էին համացանցում»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա շարունակել է. «Նույնը վերաբերվում է ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանական դիվերսիոն խմբի՝ Թալիշ ներխուժմանն ու Խալափյանների ընտանիքի 2 մեծահասակ անձանց դաժան սպանությանը:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ 44-օրյա պատերազմի օրերին բազմաթիվ կադրեր հրապարակվեցին հայերի գերության մեջ գտնվելու մասին, իսկ դրանից հետո այդ մարդիկ կա՛մ սպանվեցին, կա՛մ ներկայումս ունեն անհետ կորածի կարգավիճակ:
Այնպես որ, Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավորելու, նրանից բազմաթիվ զիջումներ կորզելու, իր ուզած ձևով «ֆռցնելու» և մինչև վերջ իր պարտադրածները ստանալու մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, համաշխարհային մշակույթի ու կրոնական արժեքների նկատմամբ իր նվիրվածության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. ի վերջո, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն՝ թե՛ ներսում, թե՛ դրսում»։

