Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը
Առավել քան ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը հանգեցնելու է սոցիալ-տնտեսական լրջագույն խնդիրների Հայաստանում։
Հարաբերությունների վատթարացման նման տեմպերի պայմաններում բացասական հետևանքների մեծ ալիքը հարվածելու է հատկապես 2026-27 թթ. ձմռանն ու հաջորդ տարվա գարնանը։ Իսկ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանին գազը վաճառել շուկայական գնով, ապա 90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է։ Նույնիսկ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն է հայտարարում, որ գազի գնի բարձրացումը կարող է ապոկալիպտիկ հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։
Նիկոլ Փաշինյանին հավատացողների մեծ մասը հույս ունի, որ նա կկարողանա լեզու գտնել Ռուսաստանի իշխանությունների հետ ու իրենց փրկել վերահաս աղետից։
Սակայն նրանք մի պարզ իրողություն չեն ուզում ըմբռնել․ Նիկոլ Փաշինյանը, բացի իրենից ու իր իշխանությունից, որևէ մեկին փրկել չի պատրաստվում։ Իշխանության մնալու համար նա պատրաստ է զոհաբերել ոչ միայն իրեն հավատացողների ու քվեարկողների շահերը, այլ նաև՝ պետության շահերը։
Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իրական պատրաստակամություն ունեցող իշխանությունը տևական ժամանակ հետևողականորեն չէր գեներացնի հակառուսական տրամադրություններ, արհեստական լարվածություն չէր մտցնի Կրեմլի հետ հարաբերություններում։ Հիմնավոր կասկած է ձևավորվում, որ փաստացի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է սրում իրավիճակը։ Հակառակ դեպքում՝ ճգնաժամի պայմաններում նա չէր ձերբակալի Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից աչքի ընկնող քաղաքական գործիչներին՝ հատկապես Անդրանիկ Թևանյանին ու Ռոբերտ Քոչարյանին։
Պուտինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը զուտ շոուի էլեմենտ հաղորդելու համար չէր խոսի Հայաստանում իբր սոցիալական ցանցերի ազատության և ինչ-որ երևակայական ժողովրդավարական ազատությունների մասին։ Սա, մի կողմից, լարվածություն է առաջացնում Ռուսաստանի ղեկավարության հետ շփումներում, մյուս կողմից՝ իրականության հետ կապ չունեցող պնդում է։ Ժողովրդավարական ազատությունների մասին չի կարող խոսել մի երկրի ղեկավար, որտեղ աչքի ընկնող գործիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում ստատուս գրելու համար։ Ինքզինքը «ժողովրդավարական բաստիոն» հռչակած իշխանությունը քաղաքական աննախադեպ հետապնդումներ չէր սանձազերծի ու բանտերը չէր լցնի քաղբանտարկյալներով։ Նման հայտարարություններն արվում են զուտ հարաբերությունները լարելու համար։
Անգամ Հայաստան եկած ռուս ռելոկանտների գործոնն օգտագործվում է հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն առաջացնելու համար։ Այդ գործոնն օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ պաշտոնական Մոսկվային գրգռելու համար։ Նման դրսևորումներ նկատվում են հատկապես 2022 թվականից հետո, երբ Հայաստանում հաստատված՝ հակաիշխանական տրամադրություններով ռուս ռելոկանտները Երևանի փողոցներում տարատեսակ ակցիաներով բողոքում են Ռուսաստանի իշխանությունների դեմ։ Ներկայումս էլ միտումը պահպանվում է։ Առավել ևս, որ խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ նրանց մի մասին ռուսական որոշ ընդդիմադիր շրջանակներ կազմակերպելու են Պետդումայի ընտրություններից առաջ՝ հակաիշխանական քվեարկության ուղղորդելու համար։ Սոցցանցերում տեղեկություն է շրջանառվում, որ Հայաստանի հեռավոր գյուղերում Ռուսաստանում իշխանափոխություն կազմակերպելու վերաբերյալ քննարկումներ են անցկացվում ռուս ընդդիմադիրների մասնակցությամբ։ Այս տեղեկատվության հարքում դեռ չի եղել։
Տպավորություն է, որ որոշ ուժեր շահագրգռված են, որ Հայաստանը դառնա հակակրեմլյան տրամադրությունների գեներացիա ապահովող հարթակ։ Հայաստանի իշխանությունները պետք է բոլոր օրինական լծակներն օգտագործեն այս միտումը չեզոքացնելու, այլ ոչ թե խրախուսելու համար։ Երևի մոռացել են, որ իրենք խիստ նեղված էին ռուսաստանաբնակ հայերի հականիկոլական տրամադրություններից ու դա համարում էին Հայաստանի ներքին գործերին հիբրիդային միջամտության դրսևորում։ Այդ նույն տրամաբանությամբ՝ Հայաստանում նման դրսևորումները կարող են դիտարկվել Ռուսաստանի դեմ վարվող հիբրիդային քաղաքական պատերազմի մասնակցություն։ Եվ նման իրավիճակ ստեղծվում է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ։
Մոսկվայի հետ հարաբերությունների միտումնավոր փլուզումը աշխարհաքաղաքական խաղի կարևոր դետալներից է։
Ինքնիշխանությունը պաշտպանելու շղարշի տակ նա ոչ թե փորձում է դուրս գալ այսպես կոչված ռուսական կախվածությունից, այլ հանուն իր իշխանության պահպանման՝ Հայաստանը գլորել դեպի գաղութատիրական բնույթի կախվածություն Ադրբեջանից ու Թուրքիայից։ Նման դասավորվածությունը շահավետ է Արևմուտքի գլոբալիստական էլիտաներին, որոնք Եվրոպայում կանգնած են քաղաքական կրախի առաջ։ Վերջիններիս Հայաստանը հետաքրքրում է որպես հակառուսաստան։ Նրանք Հայաստանին տեսնում են հակառուսական գործիքի դերում։ Թե դրա արդյունքում ինչ է պատուհասելու հայ ժողովրդին՝ արևմտյան չինովնիկներին առանձնապես չի հուզում։ Առավելագույնը նրանք հայերին կարող են խորհուրդ տալ «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների դիմակայելու», ինչպես հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բաերը։
Իսկ որպեսզի հայերը ցուրտ ձմեռներն «կոմֆորտ» ջերմաստիճանով անցկացնեն, ճիշտ ժամանակին կհայտնվի Ալիևը՝ առաջարկելով ադրբեջանական գազ՝ շուկայականից էլ մի փոքր ցածր գնով։ Թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել գազային կախվածությունը Բաքվի ռեժիմից, Արցախի կործանման օրինակով կարող ենք տեսնել։ Յուրաքանչյուր վաճառված 1 խ/մ գազի դիմաց Ալիևը պահանջելու է 1 ք/կմ տարածք։
Բայց գաղութացման գործընթացը գազով չի սահմանափակվելու։ Ալիևը արդեն գուժել է էլեկտրաէներգիայի հետ կապված Հայաստանում սպասվող դժվարությունների մասին ու կրկին իր «օգնությունն» է առաջարկել։ 2026 թ. օգոստոսի 11-ին Ալիևը մասնավորապես հայտարարել է․ «Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել՝ վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը կընկղմվի էներգետիկ լիակատար ճգնաժամի մեջ։ Հետևաբար՝ էներգիայի լրացուցիչ աղբյուրը միայն օգուտ կարող է բերել»։ Իսկ այդ լրացուցիչ աղբյուրը Ադրբեջանում արտադրված էլեկտրաէներգիան է, որը TRIPP-ով Հայաստան է մտնելու։ Այսինքն Հայաստանը կարճ ժամանակում կարող է էներգետիկ տոտալ կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից։
Ներկայացված խճանկարից պարզ երևում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կազմաքանդումը Հայաստանին կանգնեցնելու է սոցիալ-տնտեսական ու էներգետիկ կոլապսի առաջ։ Որպես ճգնաժամի հաղթահարման միջոց՝ առաջարկվելու է Ադրբեջանի ու Թուրքիայի օգնությունը, որի արդյունքում Հայաստանը գրեթե գաղութային կախվածության մեջ է հայտնվելու թուրքական աշխարհից։ Ինչը կարող է նշանակել Անդրկովկասում հայկական գործոնի իսպառ ոչնչացում։
Դերենիկ Մալխասյան
Zham.am

