Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով
Սաուդյան Արաբիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակումներից հետո այսօր նավթի գները կրկին բարձրացել են մատակարարման խափանումների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Հարձակումները դադարեցրել են թագավորության «Արևելք-Արևմուտք» խողովակաշարի գործունեությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները 04:06-ի դրությամբ թանկացել են 1,37 դոլարով կամ 1,3%-ով՝ հասնելով բարելի դիմաց 107,05 դոլարի, իսկ ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են 1,53 դոլարով կամ 1,51%-ով՝ հասնելով բարելի դիմաց 102,92 դոլարի։
Եմենում հութիները նոր հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի վրա, իսկ Ծոցի արաբական պետությունները հետաձգել են Իրանի հետ նախատեսված քննարկումները՝ բարձրաձյնելով մտահոգությունները, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է ընդլայնվել և խաթարել նավթի համաշխարհային մատակարարումները։
Հութիները հրթիռային և անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող «Խամիս Մուշայթ» ռազմական ավիաբազայի վրա՝ խոցելով ինքնաթիռների անգարները, ռադարային համակարգերը, թռիչքուղիները և զինամթերքի պահեստները, սա պատասխան գործողություն էր Եմենում Սաուդյան Արաբիայի իրականացրած հարվածներին։
Դրան նախորդել էին Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակումները, որոնց համար Էր-Ռիադը մեղադրել էր Իրաքում գործող զինյալներին։ Այդ հարձակումները խափանել էին երկրի «Արևելք-Արևմուտք» խողովակաշարի աշխատանքը, որը թույլ է տալիս նավթն արտահանել՝ շրջանցելով շրջափակված Հորմուզի նեղուցը։
«Նավթի շուկայի մասնակիցները յուրաքանչյուր նոր հարձակում կամ նավթային ենթակառուցվածքի վնասում դիտարկում են որպես մատակարարումների համար լրացուցիչ ռիսկ։ Միաժամանակ նրանք չափազանց զգայուն են ցանկացած ազդանշանի նկատմամբ, որը կարող է վկայել «Արևելք-Արևմուտք» նավթամուղով կամ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների հնարավոր խափանումների մասին։
Աշխարհի խոշորագույն նավթ արտահանող Սաուդյան Արաբիան այս նավթամուղն օգտագործում է օրական շուրջ 4 միլիոն բարել նավթ՝ համաշխարհային մատակարարումների մոտ 4%-ը, դեպի Կարմիր ծովի Յանբու նավահանգիստ տեղափոխելու համար։
Սակայն դեռևս մեծ անորոշություն կա «Արևելք-Արևմուտք» նավթամուղին հասցված վնասի չափի և դրա աշխատանքի հնարավոր դադարեցման տևողության վերաբերյալ։ Հավանական է, որ նավթի գները կպահպանվեն բարձր մակարդակի վրա, քանի դեռ իրավիճակի վերաբերյալ ավելի հստակություն չի լինի», -նշել են ING-ի վերլուծաբանները։

