Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան
«Արդարադատության նախարարն ասում է, թե «ընդդիմությունը համատարած ընտրակաշառք է բաժանել»: Հետո իհարկե իր իսկ խոսքում պարզվում է, որ այդքան էլ համատարած չէ, այլ՝ 250-ից մի քիչ ավելի դեպ, ընդ որում՝ ընդամենը իրավապահների ներկայացրած ու մեկնաբանած, այսինքն՝ որեւէ դատարանի վճռով դեռեւս չհաստատված դեպք»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա շարունակում է.
«Բայց, արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ արդարադատության հիմնական, հիմնարար սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկածը, ու թեեւ չկա դատավճռով հաստատված եւ ոչ մի դեպք, բայց նա անկաշկանդ ասում է, թե «համատարած բաժանվել է ընտրակաշառք»:
Այդպիսով, իշխանության ներկայացուցիչը, այն էլ բուն ոլորտի՝ արդարադատության նախարարը, ացարձակ անբռնազբոսությամբ խախտում է որեւէ մեկի կամ հավաքական իմաստով՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը: Դա վկայում է, որ աստիճանաբար, եթե արդեն ոչ համատարած՝ վերանում է կառավարող ուժի վարքածի սահմանադրա-իրավական կարմիր գծերի անգամ ֆորմալ առկայությունը:
Մի կողմից սա կարող է թվալ անպատժելիության զգացումից բխող հանգամանք, «մեր դեմ խաղ չկա»-ի դրսեւորում կամ հետեւանք: Ընդ որում, բացառելի չէ, որ այդպես է: Եթե այդպես է, ապա դրա հետեւանքը ժամանակի ընթացքում առավել ծանր է լինելու հենց այդ տրամաբանությամբ առաջնորդվող ուժի համար՝ թե հավաքական, թե նաե հատկապես այդ վարքագծով աչքի ընկնող անհատների համար»։

