ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով
«Քաղաքականության մեջ մանրուքներ չկան.դրա հերթական ապացույցը Թուրքիայի հետ բանագնացի Աժ նախագահի թեկնածու ընտրելն է»,- նշել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա շարունակել է. «Խոշոր հաշվով մեծ տարբերություն չկա, թե ո՞վ կլիներ ՔՊ-ի Աժ նախագահի թեկնածուն, քանի որ նրանք բոլորն էլ Աժ -ում սատարելու են Փաշինյանի կուրսը։ Բայց Աժ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է նաեւ Թուրքիային։
Եվ պատասխանն էլ չուշացավ. թուրքական բանագնաց պարոն Քըլըչը արդեն հասցրել է իր գոհունակությունը հայտնել այդ ընտրության առիթով։
Ես ամենևին Թուրքիայի հետ առճակատման կոչ չեմ անում, ավելին, եղել եմ ու կամ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից, բայց՝ առանց նախապայմանների։
Իսկ այն ինչ անում են իշխանությունները՝ թուրք-ադրբեջանական օրակարգի սատարման քաղաքականություն է։
Ակնհայտ է,որ Փաշինյանը շարունակելու և խորացնելու է Թուրքիայի հետ «մերձեցման», իսկ իրականում՝ Հայաստանում թուրքական ազդեցությունը մեծացնելու գործընթացը և դրա հերթական ապացույցը ՔՊ-ի թեկնածուի ընտրությունն է»։
Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ նախագահի ՔՊ-ի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը։

