4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Հունիսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:13-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի տարածքում։
Ըստ ծառայության տվյալների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ադրբեջանի Շեքի քաղաքից մոտ 52 կմ հարավ-արևելք, օջախի խորությունը կազմել է 10 կմ։
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։
Երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի Տավուշի մարզում՝ Բերդ քաղաքում, ինչպես նաև Չինարի և Այգեձոր գյուղերում։ Այդ բնակավայրերում ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ։

