Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովը երեկ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը. կողմ՝ 65, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 20։ Ըստ ընդունված փաթեթի՝ 24-ամսյա պարտադիր ծառայությունը կդառնա 18-ամսյա։ Միաժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում ներկայացրեց պահեստազորայինների վարժական հավաքների վերաբերյալ թվերը. 2025-ին վարժական հավաքներին ներգրավվել է 16 000 պահեստազորային, իսկ 2026-ին նախատեսվում է ներգրավել 20 000։ Սա նշանակում է՝ հաջորդ տարի պլանավորվող ներգրավումը ավելանալու է 4 000-ով (մոտ +25%)՝ 2025-ի ցուցանիշի համեմատ։
Այսինքն՝ նախընտրական գովազդի շրջանակում ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվեց կես տարով, բայց մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները՝ ավելի մեծ թվով, վարժական հավաքներին ստիպված կլինեն մասնակցել:
Մասնագետներն այս կրճատումը համարում են բանակի քանդման հերթական քայլ»։

