Բիզնես բերողներն ու բիզնես խլողները․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանին այսօր բացի նոր իշխանութունից, իհարկե, օդ ու ջրի պես անհրաժեշտ են ներդրումներ։ Օտարերկրյա ներդրումներն այս իշխանության գլխավոր խոստումներից մեկն է, ու ամենամեծ տապալված խոստումներից։ Ավելին, մեր երկրից ու առավելապես՝ օտարերկրյա բիզնեսն ավելի շատ փախչում է։ Ու այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը խոստացել է տնտեսական հեղափոխություն, բոլորը հերթ էին կանգնած, սպասում էին որ էլ Սերժը չլինի, բոլորը իրենց փողերն առած գալու էին։ Հիշում ենք, չենք մոռանում։ Իհարկե՝ դատական քաոսի, խոշոր ընկերություններին փայ մտնելու, քաղաքական շարժառիթով ձեռքներից բիզնեսը խլելու, կոռուպցիայի մեծ մակարդակի, «Արևմտյան Ադրբեջան» թեզի և այլնի պայմաններում անհնար է խոսել ներդրումների մասին։ Ու ինչպես իրենց սիրած ոճով, որ մի բանը չեն կարողանում անեն, կամ հանձնում են կամ փչացնում եղածը, ցեխ են շպրտում նախկինում կատարավածների վրա։ ՔՊ-ական պատգամավորը, օրինակ, ասում է՝ երբեմնի հսկա գործարանը վերացրել են ու տեղը առևտրի կենտրոն բացել։ Խոսքը վերաբերում է Սամվել Կարապետյանի կառուցած «Ռիո մոլ»-ին։ ՔՊ-ականը, իհարկե, չի ասում՝ աշխատող, աշխատատեղ ունեցող գործարա՞ն են քանդել ու սարքել առևտրի կենտրոն, թե՞ ավերակ շենքը, որը տասնամյակներ բարձիթողի վիճակում էր։ Քպականին ձեռք չի տալիս դա ասելը։ «Մեր ձևով»-ն արձագանքում է, որ 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգել են, կառուցել ու ապահովել 500 աշխատատեղ։
Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենատարածված թեզերից է, որ մինչև հիմա օգտագործում են, իբր Քոչարյանի օրոք սաղ տվին ռուսին։ Էլի էս նույն ոճն է՝ իրականությունից մեծ տարբերությամբ։ Հիմա մոտենում են ընտրությունները և վստահաբար՝ էլ ավելի մեծ ուժգնությամբ են սկսելու կրկնել իրենց ստերը ու մանիպուլացնել իրականությունը, դե դեղին մամուլի լավագույն ավանդույթներով։ Խոսքը «Գույք պարտքի դիմաց» 25 տարի առաջվա գործարքի մասին է, որն իրականում միայն վաճառք էլ չէր, ավելի շուտ օտարերկրյա ներդրում էր պարտքի դիմաց։ Օրերս աջակիցների հետ հանդիպման ժամանակ հարց բարձրացվեց այդ չարչրկված թեմայի վերաբերյալ, և նախագահ Քոչարյանը գուցե անտեղյակների համար շատ ուշագրավ բաներ ասաց։
Նախ հիշեցնեմ, որ «Գույք պարտքի դիմաց» անվանումը ստացած գործարքը կնքվեց 2002 թ․-ի նոյեմբերին։ Դրանով Հայաստանը մարեց Ռուսաստանի Դաշնությանը մինչ Քոչարյանի իշխանության օրոք կուտակած պետական պարտքը։ 98 մլն դոլար պարտքի դիմաց հինգ ձեռնարկություններ՝ Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, «Մարս» գործարանը, Երևանի նյութաբանության, Երևանի մաթեմատիկական մեքենաների, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները տրվեցին Ռուսաստանի Դաշնությանը։
20 տարի շարունակ նիկոլն ու դեղին մամուլի այլ կերպարները այս առիթով տարածել են թեզեր, թե՝ սաղ տվին ռսին, մեր հզորությունները, էլ եսիմինչերը տվին. ինչ էին ու ինչ են դարձել այդ կառույցները, ինչ շահեց երկիրը, քաղաքացին, պետական բյուջեն, այդ կողմ չեն էլ նայել։ Անձամբ մարդկանց եմ տեսել, որոնց գլուխները մտել էր, թե ձեռնարկությունները Քոչարյանը Հայաստանից արտահանել է Ռուսաստան։ Իրականում, այն ժամանակ, երբ բազմաթիվ գործարաններ թալանվել էին, որպես մետաղի ջարդոն տարվել Պարսկաստան, այս գործարքով 5 ձեռնարկություն փրկվեց կործանումից ու նաև այդ առիթով ներգրավվեց խոշոր ներդրում։ Երկրորդ նախագահի օրոք պարքը մարվեց շուրջ 100 մլն դոլարի, բայց նյուս կողմից էլ հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում արվեց, այդ ներդրումները հենց մշտապես երազած օտարերկրյա ներդրումներն են. դրանք այդ ամենի արդյունքում դարձան խոշոր հարկատուներ, բազմաթիվ աշխատատեղեր ստեղծվեցին, պետական բյուջեում խոշոր հարկատուների ցանկ մտան, բացվեց ազատ տնտեսական գոտի, որի տարածքում արտադրություններ հիմնվեցին։
Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ դրանք ոչ մի հզորություն էլ իրենցից այդ ժամանակ առնվազն չեն ներկայացրել, ավելին ուղղակի փողի տեղ հո չենք տվել այդ տարածքները, այլ հետևել ենք, պայմանավորվել ենք, որ ծառայեն այն նպատակին, ինչի համար ստեղծված են։ Էդ որ ասում են՝ օտարերկրյա ներդրում, հայրենակիցներ, այ հենց է՛ս ա ներդրումը։ Հիմա, էս զարգացած շրջանում ներդրողները գլուխն առած փախչում են, բայց էն ժամանակ քայքայված տնտեսության մեջ ներդրումներ են կատարել, խո՛շոր։
Բայց «Քոչարյանը ամեն ինչ տվեց ռուսներին» թեման Քոչարյանն ինքը ավելի է բացում, ու տեսնում ես, թե ինչպես է պետությունը, կառավարությունը հավասարաչափ աշխատել տարբեր երկրների կառավարությունների հետ, ներդրումներ ներգրավել, ինչից այս իշխանությունը զուրկ է։ Ի տարբերություն սրանց, որ մի պետության հետ շփվում են մյուսի հետ հարաբերությունների խզման հաշվին, երկրորդ նախագահի օրոք Ամերիկայի էլ, Ռուսաստանի էլ, Իրանից էլ, Եվրամիության հետ էլ եղել են նորմալ հարաբերություններ, բիզնես կապեր։ Ռոբերտ Քոչարյանը հիշում է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի վաճառքը գերմանական ընկերության։ Չեք լսել, չէ՞, որ ասեն՝ հանքը ծախին գերմանացիքին․ եկավ ներդրող, ներդրում արեց, դարձավ ամենախոշոր հարկատուներից մեկը ու այսօր եթե Սյունիքի մարզում համեմատաբար բարձր աշխատավարձ է, հենց այդ հանքերի շնորհիվ է։
Օդանավակայանը կառավարման հանձնվեց արգենտինացի հայ գործարարին․ միջազգային լավ օդանավակայան է, ներկայանալի, իսկ մինչ այդ անձամբ եմ հիշում ինչ խղճուկ պատկեր էր մնացել երբեմնի Խորհրդային պետության ամենից հրաշալի ճարտարապետական նմուշներից մեկից։ Կարո՞ղ եք ասել մի արտասահմանյան ներդրող, որի հետ գնացել պայմանավորվել են սրանք, որ գա քարուքանդ եղած գործարան վերցնի՝ ներդրում անի։ երկրորդ նախագահի օրոք իտալացիներին, ամերիկացիներին վաճառվել են հյուրանոցներ, որոնք հիմա Հայաստանի լավագույն հյուրանոցներից են։ Էդ դրսի ներդրողը բերում է բիզնեսի կառավարման նոր մշակույթ, այլ բիզնեսներին փոխանցում։ Օրինակ՝ կոնյակի գործարանը որ ասում են՝ ծախեցին ֆրանսիացիներին․ կոնյակի գործարանը այսօր ոլորտում ամենահայտնին է, բավականին արդյունավետ կառավարում է, գյուղացիների հետ պայմանագրերով, առանց պարտքի աշխատելու մեխանիզմը սկսեց․ ես չեմ տեսել խաղողի մթերման գումարները չտա ու բողոքի ցույցեր անեն, ինչը տեղի է ունեցել մի շարք այլ գործարանների պարագայում։ Ֆրանսիացիներին վաճառելու շնորհիվ նաև կոնյակ բառը չենք փոխում բրենդիով։ Երկրորդ նախագահն ասում է՝ ուղղակի չէինք ծախում, նրանք էլ առնեին բիզնես դնեին կամ չդնեին, ամեն գնորդի առաջ պայման էր դրվում ու ամեն վաճառքից առաջ մանրակրկիտ որոշվում էր, թե որ մեկն ավելի լավ կկառավարի, ավելի մեծ ներդում կանի։
Ու նման լիքը ներդրումային ճյուղեր տրվել են, վաճառվել են օտարերկրացիներին, ու դրանք դարձել են խոշոր բիզնեսներ, դարձել են մեծ հարկեր, դարձել են աշխատատեղեր, բերել են երկնիշ տնտեսական աճ։ Սրանք ասում են` աշխատտեղերի ռեկորդ է, աննախադեպ աճ է, բայց գործազրկությունն էլ է աճում, աղքատությունը մի քանի տարի չնահանջեց, տեսան չի լինում, մեթոդաբանություն փոխեցին, հիմա քիչ են ցույց տալիս։ Էն ժամանակ տնտեսական աճը ազդում էր մարդկանց վրա։ Ու դա իրական էր, որովհետև բացվում էին գործարաններ, ռեալ աշխատում էին մարդիկ։ Հիմա ցույց տուր 8 տարվա մեջ 3 հատ խոշոր դրսի ներդրում, որտեղ աշխատում է մի 300 մարդ։ Սրանք ներդրում բերելու փոխարեն ասում էին՝ մինչև Ղարաբաղը չտանք, ներդրում չի գա, մինչև այսինչը չնստի՝ ներդրում չի գա, մինչև ընտրություններ չլինեն, ներդրում չի գա, մինչև ՍԴ կազմը չփոխվի՝ ներդրում չի գա ու էդպես ամեն կիսամյակ գլորում էին։
Քոչարյանն ասում է՝ ոչ մի ձախողված գործարք չունեմ։ Սրանց մոտ հակառակն է՝ հաջող գործարք չենք հիշում, իրանցի ներդրողը պետք է ավտոների գործարան բացեր, չբացվեց, եսիմորտեղի ներդրողը պետք է տեխնիկայի գործարան բացեց, լենտը կտրելուց հետո փակեցին, Ռուսաստանից ներդրողը պետք է Ալավերդու պղնձաձուլարանը բացեր, եսիմով՝ Թեղուտը բացեր․ սաղ ձախողել են, բոլորը կա՛մ կլորացել են, կա՛մ օդից կախված մնացած։ Ֆեյք ներդրումներ ու գործարաններ են աջ ու ձախ։ Իսկ իրականն այն է, որ բիզնեսին փայ են մտնում լավագույն դեպքում, իսկ վատագույնում՝ խլում են, ՔՊ-ական օլիգարխներ են ի հայտ գալիս, ինչ նոր բան սարքում են, հետևից մի ՔՊ-ականի երկու ականջներն են ցցվում։ Իրենց համար կարևորը իրենց սեփական բիզնեսն ու բարեկեցությունն է, դրա համար էլ ժողովրդի բարեկեցության համար հեղափոխություն արած նախարարն ասում է՝ 200 հազար դոլարն ինչ է , որ էդ գնանոց տուն չունենամ։ Չի ասում ժողովուրդը չունենա, ասում է՝ ես չունենամ։ Բա լավ գիտի, որ ժողովուրդը ոչինչ էլ չունի։ Սրանք եթե ներդրում բերել են, ապա՝ իրենց անձնականի համար։ Իսկ ժողովրդի վրա բերած ներդրումը ադրբեջանական զորքերն են։ Երկրի համար ներդրում արել եք՝ Սև լճի մոտ, Ջերմուկի մոտ, Վարդենիսի մոտ, Կիրանցի մոտ, Շուռնուխի մոտ, Սոթքի մոտ, ամբողջ Արցախում, ամենուր ներդրել եք թուրքերի․ դա՛ է ձեր ներդրումը։
Կարճ ասած՝ Նայեք բազմաթիվ բիզնեսների խլումը, նայեք բիզնեսների տապալումը՝ «Ֆլայ Առնա», ԱՆԻՖ և այլն, նայեք թե ինչպես են գործարարներին տուգանում հարյուր միլիոնավոր դրամներով, կալանքի տանում ու կհասկանաք, թե ինչու մեր երկրից ներդրողները փախչում են։ Էս խլոցիների վրա ներդրող գա ի՞նչ անի։ Դրա համար էլ, չկարողանալով ապահովել, սրանք փնովում են էն ժամանակները, երբ ռեալ ունեցել ենք ներդրում, աճ, զարգացում։ Ու երբ խոսում ես գործարարների հետ, որոնք բիզնես են արել թե՛ էն ժամանակ, թե՛ հիմա, նշում են, որ բիզնեսի համար լավագույն տարիները եղել են երկրորդ նախագահի ժամանակները և հույս են հայտնում, որ այդ ժամանակները հետ կգան»։

