Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են
«Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռևս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։ Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գևորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2-ին` մոտ 2 ամսով։
Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթեր էին հայտնաբերել և կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։ Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն էր իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն էին ուսումնասիրվել, փաստաթղթեր էին զննվել ու առգրավվել։ Հետագայում տեղեկատվություն տարածվեց, որ երիտասարդ կինը սիրային կապ է ունեցել ադրբեջանցու հետ և ինչ որ գումարի դիմաց որոշ տեղեկություններ է փոխանցել մեր թշնամի երկրին:
Գործով միակ մեղադրյալը Ալեքսանյանն է, նրա փաստաբաններն ավելի վաղ մեզ հայտնել էին, որ իրենց պաշտպանյալը և իրենք մեղադրանքը չեն ընդունում:

