Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն 4-րդ թվի ներքո հանդես կգա
Հայտնի է՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերը որ թվերի ներքո հանդես կգան Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում իրականացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև վիճակահանություններ՝ հերթական համարներ տրամադրելու համար։
Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։ Այսպիսով՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունները, ըստ վիճակահանության արդյունքների, հանդես կգան հետևյալ թվերի ներքո․
«Հաղթանակ» կուսացությունների դաշինք (կազմում՝ «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները) - 1
«Համահայկական ճակատ» կուսակցություն - 2
«Հանրապետություն» կուսակցություն - 3
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն - 4
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 5
«Ժառանգություն» կուսակցություն - 6
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 7
«Հայրենիք» կուսակցություն - 8:
Նիստի ընթացքում իրականացված վիճակահանությամբ բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև։ Նշենք, որ վահանակների թիվը երկուսն են, բաշխվել է «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության միջև։ Հանձնաժողովը փոփոխություն է կատարել նաև ԿԸՀ 2025 թվականի մարտի 27-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։

