«Թողեք խորհրդարանում լինեն մարդիկ, որոնք «անտռուսիկ» չեն ծառայել, կամ որոնց «տռուսիկ չունենալու» համար չեն մեղադրի»,-Արա Սահակյան
«Հրապարակի» հարցազրույցը 1992-1998թթ. խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ։
- Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատելի աժիոտաժ է, մի կողմում իշխանությունն է՝ հիստերիկ պահվածքով, մյուս կողմում ներընդդիմադիր գզվռտոց է։ Ըստ Ձեզ` հերթակա՞ն ընտրությունների են գնում, թե՞ արտահերթ զարգացումներ կլինեն։
- Հերթական։ 2026-ի գարնանը եվրոպական առաջնորդները հավաքվում են Երեւանում` իրենց սանին գոտեպնդելու հույսով։ Բարով գան։ Իսկ մենք մտել ենք սաստկացող քարոզչական պայքարի մեջ։ Սոցիոլոգիան գիտություն է, եւ հարցումները վկայում են ՔՊ-ի փաստական հեղինակազրկման, ժողովրդական աջակցության կորստի մասին։ Մարդիկ, իհարկե, որոշ ուշացումով, ուշքի են գալիս ու հասկանում. ՔՊ-ն չկանխեց պատերազմը` բանակին զինվոր տրամադրող ժողովրդին ուժասպառ անելու, պետության հիմնասյուները սասանելու չար մտադրությամբ։ Մյուս կողմից, յուրացումների փաստեր են բացահայտվում ԱՆԻՖ-ում, Պետրոս Մակեյանն ապացույցներ է բերում, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի բոլորին հայտնի նախկին խմբագիրը հափշտակել է իր սեփականությունը եւ տարիներ շարունակ չի վճարում ՀԺ-ում իր մասնաբաժնին համապատասխան շահույթը։ Օրերս էլ Քննչական կոմիտեից անհետացել է ապօրինի կերպով քաղաքացուց վերցված 590 հազար դոլար գումարը։ Սրանք նոր սկանդալներ են, չնայած մեկ-երկու տարի առաջ էլ կար խորքային գործընթաց, բայց շնորհիվ լրագրողների, յուրացումների մասին բազմաթիվ բաներ ենք իմանում։
- Ուզում եք ասել՝ Փաշինյանի ու իր թիմի ագրեսիվ պահվածքի պատճառն այն է, որ իրենց կոռուպցիա՞ն է ջրի երես դուրս եկել։
- Հենց սկզբից, երբ հորինեցին «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, եւ սկսվեց զանգվածաբար գործադրվել այն, մարդիկ նկատեցին, որ հետապնդվում են բոլոր այն մարդիկ, որոնց դա տարիներ շարունակ թիրախավորել է ԱԺ ամբիոնից։ Բուն օրենքի մասին ասեմ, որ պրոֆեսիոնալ վերլուծություն են կատարել «Լույս» հիմնադրամի փորձագետները, ցույց տվել օրենքի բացերը, վերջերս էլ ՍԴ-ն որոշ թերություններ հաստատեց։ Բայց հատուկ ընտրված մարդկանց ունեզրկելու օրենքի քաղաքական, բարոյական մասը մնաց անպատասխան։ Այս օրենքը գործադրելուց առաջ ՔՊ-ն պետք է սկսեր իրենից, այն բժիշկների նման, որոնք իրենց ստեղծած պատվաստանյութը փորձարկում են նախ իրենց վրա։ Պետք է ամբողջ ՔՊ-ն անցներ այդ օրենքով՝ մեծից փոքր։ Նկատի ունեմ թե՛ տարիքի, թե՛ դրամապանակի առումով «խոշոր ձկներին»։ Եթե մաքուր էին, թող ՔՊ կառավարությունը, ԱԺ խմբակցությունն անցնեին իրենց ծնած օրենքի մաղով, եւ մարդիկ տեսնեին, որ մտադրություններն ազնիվ են։ Չտեսանք նման բան, փոխարենը այն մահակի պես մինչ օրս շարունակում է այլոց գլխին կախված մնալ։ Գիտեք, անշուշտ, սեփականություն կորցնելը ծանր բան է, որովհետեւ մարդու գոյության հիմքն է, բայց սրանով նաեւ խնդիր է դրված փչացնել մարդուն, արատավորել անունը, նրան զրկել հանգիստ ապրելու հնարավորությունից, արգելանք դնել անձնական հաշիվներին, նույնիսկ խլել գույքը, որտեղ մարդն ապրում է, այն ամառանոցը, որը տարին մեկ-երկու ամիս է օգտագործում, տրանսպորտային միջոցները։ Կամայական այս գործողություններով մարդկանց արդեն պատժում են՝ մինչեւ դատարանի որոշումը, մարդիկ արդեն խոշտանգվում են, պատիժ են կրում։ Լինել կասկածյալ կամ մեղադրյալ ՔՊ-ի իշխանության ժամանակ` նշանակում է լինել դատապարտված, կրել ռեալ պատիժ։
Այս վարչախմբի եւ նրա ներսի ու դրսի ճարտարապետների մեծագույն սխալն այն է, որ նրանք լավ չեն ճանաչում հայ ժողովրդին։ Նրանք չեն հասկանում, որ հայ ժողովուրդը կարող է սպասել, «սաբըր էնել» (այսպես էր ասում պապս), բայց ոչ հավերժ։ Եթե այս դիվական նախագծի հեղինակներն ունակ լինեին ընկալելու Երվանդ Քոչարի ստեղծած Սասունցի Դավիթի արձանի խորհուրդը, կտեսնեին հերոսի ըմբոստացման աղբյուրը` համբերության շրջված բաժակը։ Ժողովրդի համբերությունը հատել է անդառնալիորեն։
- Իսկ ի՞նչ է կատարվում ընդդիմության դաշտում, ինչո՞ւ են անհանգիստ ընդդիմադիրները` Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմերը, որոնք տեւական ամիսներ է՝ փոխհրաձգության մեջ են։
- Չեմ ցանկանում խորացնել հասարակական պառակտումը եւ նույնը խորհուրդն եմ տալիս մյուսներին։ Բայց պետք է նկատել` ընդդիմությունը հետ է ընկնում իրադարձություններից․ նա պետք է ոչ թե արձագանքի իշխանության այլանդակ վարքագծին, այլ՝ օրակարգ թելադրի։ Ընդդիմությունը եթե գնաց ընտրությունների` անցյալն արդարացնելու նշանաբանով, պարտված է։ Ընդդիմությունը պետք է ամեն ջանք գործադրի, որպեսզի ընտրություններում քննարկվեն ծրագրեր, դրանք պետք է դառնան բանավեճի առարկա, որովհետեւ մարդիկ, որոնք արդեն հետ են կանգնել իշխանությունից ու տալիս են հարցը՝ «իսկ ո՞վ», չպետք է նրանց բերանը փակել՝ «հենց թեկուզ դու» ասելով։ Ո՛չ, բարեկամ, «ով»-ը պետք է որոշվի ըստ ծրագրի։ Երբ քննարկվեն ծրագրերը, տնտեսական, սոցիալական խնդիրները, բանկային համակարգը, որը տզրուկի պես քամում է մարդկանց արյունը։ Մարդկանց հասկանալի կբացատրվի, որ 7 տարում աճել են հարկային բեռը, գույքահարկը, արտաքին պարտքը, ու չի երեւում, թե դա որտեղ է օգտագործվել, համահայկական հիմնադրամի 100 մլն դոլարը, թե ինչու է հայրենի Իջեւանի սահմանամերձ գոտիներում ամեն պատահական մարդու 40 հազար դոլար նվիրել եւ պետական միջոցների փոշիացման «ծրագիրն» առանց հաշվետվության փակել։ Երբ ես ընդդիմությանը քննադատում եմ, նաեւ ուղղություն եմ ցույց տալիս` կարդացեք Սահմանադրությունը, դուք սահմանադրորեն ունեք գործադիր իշխանությանը վերահսկելու գործառույթ։ Թող մեկ-երկուսը շարունակեն էպատաժային ելույթները, բայց խորքային գործեք, բահը խոր մտցրեք հողի մեջ ու կտեսնեք, թե ինչպես են լույս աշխարհ գալու հանցավոր սխեմաները։
- Բայց բյուջեի նախագծի, կառավարության ծրագրի, կատարողականի քննարկումների ժամանակ ընդդիմադիրները բացահայտումներ անում են: Չե՞ք կարծում, որ այս թեման ԱԺ ընդդիմության համար նպաստավոր չէ, երբ խոսում են կոռուպցիայից, թալանից, իշխանությունը հազարապատիկը վերադարձնում է իրենց։
- Վատ է արվում։ Կառավարությունը սանձարձակ ձեւով է վարվում բյուջեի հետ, մեր փողերը մսխում են, աննպատակ ծախսվում։ Այս մարդը մոլագար վերաբերմունք ունի փողի նկատմամբ՝ շաղ է տալիս ուրիշի աշխատածը եւ նույն մոլագարությամբ փայփայում իր միջոցները։
Ասում եք՝ ընդդիմադիր պատգամավորները հարվածներ են ստանում։ Թող ստանան, թող չդառնային պատգամավոր։ Եթե դարձել են, ուրեմն պատասխաններ պետք է գտնեն։ Բայց խնդիրն այլ է։ Հայաստանի ճակատագիրն այսօրվա ընդդիմությունը կամ իշխանությունը չի որոշելու, որոշելու են ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը, որոնց մեջ հազարավոր մարդիկ կան, որ չեն հիշում 10, 20, 30 տարվա իրադարձությունները, ոմանք ծնված էլ չեն եղել եւ չգիտեն էլ՝ կոռուպցիան ինչ տեսակ կենդանի է, այնուամենայնիվ, պոզո՞վ է, թե՞ պոչով է։ Մեր երկրի ճակատագիրը նրանք են որոշելու։ Ի՞նչ մեղք ունի առաջին անգամ ընտրությունների գնացող 18-ամյա երիտասարդը, որի գլխին թափվում են անհասկանալի հին պատմություններ, նա դրանց մեջ խորամուխ չի լինի, նա ճշմարտացիորեն իր քվեն տալու է այն ուժին, որը կասի՝ այսօր եւ վաղն իրեն ինչ է սպասվում։ Այն պայքարը, ելույթները, որ հիմա կան, իհարկե, ցնցող են, մի քանի տասնյակ, հարյուր հազար դիտումներ են հավաքում գուցե, բայց դրանք ընդամենը քաղաքական ներկայացումների դետալներ են, իսկ բովանդակությունը պետք է լինի Հայաստանի շենացումը, անվտանգության մակարդակը բարձրացնելու, կայուն զարգացման հնարավորություն ստեղծելու հրամայականը։
- Խորհրդարանին առաջարկում են իմպիչմենտ իրականացնել, ներկայում ռեա՞լ եք համարում այդ գործընթացը։
- Կարծիք չունեմ։ Այդտեղ էլ եմ տեսնում թատերական տարրեր, անմաքուր խաղեր եմ տեսնում։ Օրինակ, «երկվորյակի» նախաձեռնությունը եւ Մարուքյանի «մեյդան» գալն ի՞նչ է, Մարուքյանի վարքագիծն անչափ հանդուգն է, նա կարծում է, թե մարդիկ մեկ շաբաթվա կամ ամսվա հիշողություն էլ չունեն: Ամոթ է։
- Օրերս ՌԴ ԱԳ նախարարն այցելեց Հայաստան, ի՞նչ մեսիջներով էր, ըստ Ձեզ, եկել, կարծիք կա, որ Ռուսաստանն այլեւս դիտորդի պես չի վերաբերվում մեր երկրում տիրող հակառուսական քաղաքականությանը եւ գուցե ազդեցություն ունենա ներքաղաքական գործընթացների վրա։ Կարո՞ղ են արտաքին կենտրոնները ներգործություն ունենալ իշխանություն ձեւավորելու հարցում։
- Լավրովը ոչ մի նոր բան չասաց, բոլորը հայտնի փաստարկներ ու հակափաստարկներ էին։ Բայց այլեւս փաստ է, որ մեր երկիրն այնքան է թուլացել, եւ մեր հասարակության դիմադրողականությունն այնքան է ընկել, որ դարձել ենք խոցելի արտաքին ներգործության նկատմամբ։ Այո, կան շատ արտաքին ուժեր, առաջին հերթին` Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք Հայաստանում մեծ ազդեցություն ունեն այսօր։ Գիտեք` իշխանությունը պահպանելու համար ՔՊ-ին օդուջրի պես անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի ստորագրում: Զավեշտ է, բայց, փաստորեն, 2020 թ. սեպտեմբերի 27-ին պարզվեց, որ Հայաստան կոչվող ամրոցի բանալիներն Ալիեւի ձեռքում են։ Կամ՝ նայեք եվրոպական ցինիզմը՝ Ուսրուլա Ֆոն դեր Լայենը եւ նրա դեսպանը՝ Մարագոսը, սկսել են փող խոստանալ հայ ընտրողին` յուրատեսակ ընտրակաշառք, թե ներդրումներ կկատարենք տարածաշրջանում, 3,36 մլրդ դոլար տնտեսության դիվերսիֆիկացման, կայուն զարգացման, աճի համար: Այս բառերն ասվել են նաեւ 2021 թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց հետո ցույց են տվել երեք մատի կոմբինացիա։
- Հիմա կարծես ՌԴ-ն է ակտիվություն դրսեւորում։
- Մեզանում ուրվագծվում են արեւմտամետների եւ ռուսամետների ճամբարները։ Լավ է դա, թե վատ։ Պատմականորեն սա խորթ երկընտրանք չէ մեր ժողովրդի համար, նախկինում էլ էինք բաժանված, օրինակ` պարսկասերների ու հունասերների։ Կողմնորոշումային թեման փոքր պետությունների համար բնական է, դա պետք է լիներ ակադեմիական, քաղաքական շրջանակների, հեռուստատեսությամբ քննարկման նյութ, բայց ի՞նչ է տեղի ունենում։ Լավրովի այցի կապակցությամբ տեսանք, որ արեւմտամետներն իրենցից բացի մնացածին համարում են դավաճան։ Այստեղ քաղաքական դիսկուրս չկար, կա լրբություն, միակ բանը, որ նրանց հաջողվեց, իրենց հույժ վճռականությունը ցուցադրելն էր: Կողմնորոշումը չպետք է դառնա հասարակության պառակտման պատճառ, դա պատմությամբ ու ներկա իրողություններով թելադրված թեմա է։ Մինչդեռ վերադարձնում են սեւ-սպիտակ, կարմիր-սպիտակ, դաշնակ-հնչակ վտանգավոր դիմակայությանը, միմյանց ոչնչացնելու միջոց։ Աշխարհագրորեն, պատմականորեն մեզ հարկադրված դիսկուրս է դա, պետք է կարողանանք ճիշտ ընտրություն կատարել, դաշնակիցների հետ ճիշտ աշխատել։ Կամ-կամ-ը մոտեցնում է մեզ քաղաքացիական պատերազմի։ Պատկերացրեք, նույնքան մարդ ռուսամետներից կանգներ նրանց դիմաց, ի՞նչ էր լինելու․․․
Լավրովի այցը ցույց տվեց, որ ցուցարար արեւմտամետները նույնիսկ արժանապատիվ խոսքը չենք արժեւորում, իրենց լսող ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր պարզ երիտասարդներին, ուսանողներին ոչինչ չասացին։ Միայն հայհոյանք, հոխորտանք։ Այս վիճակը ցույց է տալիս, որ փոփոխություն է անհրաժեշտ ոչ միայն իշխանության շարքերում, այլեւ՝ ընդդիմության։ Չի կարելի նույն դեմքով անընդհատ հանդես գալ։ Հայտնվում է մի բլոգեր, մի համարձակ լրագրող, որ փոդքաստ է վարում, կամ մեկը, որ հեռուստատեսությամբ է ակտիվ լուսաբանում, անմիջապես ասում են՝ տեսեք, նորահայտ ջահելներն ինքնահաստատվում են։ Ես գտնում եմ, որ ինքնահաստատման առողջ միջավայր պետք է ստեղծենք, պետք է ընդունենք եւ խրախուսենք նոր մարդկանց առաջմղումը, ժամանակն է դադարեցնել տգեղ որակումները: Հիշենք մեր երիտասարդությունը, մենք ինչպե՞ս ենք առաջ եկել։ Կարծում եք՝ մեր ժամանակ չկայի՞ն հեղինակություններ։ Կային։ Բայց փշրեցինք ու եկանք առաջ, հիմա էլ է վերափոխումների շրջան, եթե խելք ունենանք եւ ճանապարհ տաք երիտասարդներին, հասարակությունը կառողջանա։ Թողեք խորհրդարանում լինեն մարդիկ, որոնք «անտռուսիկ» չեն ծառայել, կամ որոնց «տռուսիկ չունենալու» համար չեն մեղադրի։
- Այսինքն, 2 նախկին նախագահները պետք է ասպարեզից հեռանա՞ն՝ զիջելով տեղը երիտասարդներին։
- Նրանք որոշ իմաստով մեծ քայլ արդեն կատարել են, օգնել են երկու խմբակցություններին ԱԺ մտնել, օժանդակել են, կողմնորոշել, շարունակում են քաղաքական ղեկավարումը։ Հաջորդ քայլն էլ կարելի է կատարել եւ ավելի մեծ ազատություն տալ պատգամավորներին։
- Այսինքն՝ չլինեն։
- Ես այդպիսի բան չասացի։ Սկզբունքորեն դեմ եմ որեւէ մեկին ասելու, որ նա ինչ-որ բան չպետք է անի, միակ բանը, որ վերջերս ինձ թույլ եմ տվել` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին եմ Ֆեյսբուքում գրել՝ ի սեր Աստծո, միառժամանակ լռիր, որովհետեւ տեսնում եմ` խոսքն իրեն տանում, ինքը դարձել է խոսքի գերի... Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն առողջ, ուժեղ, սթափ մտածող տղամարդիկ են եւ կյանքը սիրող։