Դասադուլ հայտարարած ուսանողների 5 հոգանոց խումբը հանդիպում է վարչապետի հետ
Քիչ առաջ ցուցարար ուսանողները երթով հասնելով կառավարության շենքի մոտ պահանջեցին հադիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Վարչապետի խորհրդական Արամ Վարդևանյանը ուսանողներին փոխանցեց վարչապետի առաջարկը՝ հանդիպել 5 ուսանողի հետ աշխատանքային քննարկման այնպիսի ձևաչափում, որտեղ լրատվամիջոցները չեն կարող ներկա լինել։
Ուսանողներն էլ ողջունելով կառավարության մոտեցումը մերժեցին՝ առանց լրագրողների ներկայության, վարչապետի առաջարկը: Ուսանողները պնդում են, որ հանդիպմանը ներկա լինի գոնե մի լրատվամիջոց, որը կապահովի ուղիղ հեռարձակում: Մինչդեռ, վարչապետի խորհրդականի փոխանցմամբ՝ աշխատանքային քննարկումը նման ռեժիմում չի անցկացվում:
Ի վերջո, բանակցությունների արդյունքում պայմանավորվեցին, որ կառավարության կողմից՝ ողջ հանդիպման ընթացքը կձայնագրվի, իսկ տեսանյութն՝ առանց մոնտաժի, հասանելի կլինի բոլորին:
Րոպեներ առաջ ուսանողների 5 հոգանոց խումբը մուտք գործեց կառավարության շենք, որտեղ էլ կկայանա հանդիպումը:

