Թալանել են Երևանի Պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչի տունը
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան փողոցի բնակիչ, 46-ամյա Հովհաննես Մանվելյանի բնակարանից կատարված խոշոր չափի գումարի և ոսկյա ու արծաթյա զարդերի գողության փաստով: Հոկտեմբերի 1-ին ժամը 18:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հատուկ տեխնիկական միջոցների գործադրմամբ՝ պատշգամբի դուռը բացելու միջոցով 3-րդ հարկի բնակարան մտնելով՝ այնտեղից հափշտակել են մոտ 5 հազար ԱՄՆ դոլար և մոտ 1,5 մլն դրամի ոսկա և արծաթյա զարդեր: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Մանվելյանն աշխատում է Երևանի պետական բժշկական համալսարանում՝ որպես ամբիոնի վարիչ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողունը և կատարողներին հայտնաբերելու ուղոււթյամբ:

