«Իշխանության կողմից կոռուպցիա է՝ օրինականության քողը վրան գցած». Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Հայաստանում ամեն ինչ արտերկրի կամ՝ Հայաստանի մասնավոր ընկերությունների ձեռքին է՝ գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, հանքերը, բանկերը, գործարանները, էլեկտրակայանները, ատոմակայանը, երկաթուղին և այլն, իսկ ի՞նչ է կառավարում կառավարությունը։ Այն պետական բյուջեն է հավաքագրում, փողերը բաշխում, վերահսկողություն իրականացնում, քվոտաներ բաժանում, տուրքեր սահմանում և այլն։ Դրա համար փոքրիկ Հայաստանում գերուռճացած պետական ապարատ ունենք, նաև՝ կառավարության գործառնույթները կրկնող, կառավարության և համայնքների միջև միջնորդի դեր կատարող 10 մարզպետարան ենք պահում, արտերկրից վարկեր վերցնելով՝ անարդյունավետ գործող պաշտոնյաներին բարձր աշխատավարձ են տալիս, դրան հավելած՝ բարձր պարգևավճարներ։
9 միլիարդ դոլարից ավելի արտաքին պարտք, աղքատների, հիվանդների, թոշակառուների մեծ քանակ ունեցող Հայաստանի պաշտոնյաներն իրենց աշխատանքում ի՞նչ ձեռքբերումների համար են պետբյուջեից պարբերաբար պարգևավճարներ ստանում։ Սա իշխանության կողմից կոռուպցիա է՝ օրինականության քողը վրան գցած։ Եթե Նիկոլ Փաշինյանը հիմա ընդդիմադիր պատգամավոր լիներ, այս անարդարության դեմ նրա ձայնը 7-րդ երկինք էր հասել»։

