Իշխան Սաղաթելյանը կոչ է անում վարորդներին Երևանում երթևեկել առավելագույնը 15 կմ արագությամբ
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակության անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել և տեղեկացրել, որ երեկ հայտարարված բողոքի զանգվածային ակցիաները մեկնարկել են Երևանի տարբեր հատվածներում, մի շարք փողոցների խաչմերուկներ փակվել են ցուցարարների կողմից կամ նրանց կողմից ճանապարհին թողած մեքենաների շնորհիվ, ինչի հետևանքով Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցների երթևեկություն կասեցվել է։
«Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում դուրս գալ փողոց, կանգնել ձեր հայրենակիցների, քույրեր-եղբայրների կողքին, թույլ չտալ, որպեսզի ոստիկանական ուժերը ճնշեն մեր ժողովրդի ցասումը, բողոքը, և միասնաբար տեր կանգնենք մեր երկրին, մեր Արցախին, մեր հայրենիքին։
Պայքարը շարունակվում է, հայ ազգը ոտքի է կանգնել, խնդրում եմ՝ դուրս եկեք փողոց, և ամեն մեկդ յուրովի ձևավորեք ձեր բողոքի ակցիան»,-ասել է նա և խորհուրդ տվել վարորդներին Երևանի փողոցներում երթևեկել 15 կմ/ժ արագությամբ։

