Չեմ գրում՝ արտաքին ուժերին մեղադրելու համար: Մեղավորը ոչ իրանցիներն են, ոչ էլ ռուսները. պարզապես մենք աշխատել չգիտենք
Մեր երկու օրգանական դաշնակիցների՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների բացարձակ ձախողման պայմաններում շատ դժվար է պատկերացնել, որ տարածաշրջանային զարգացումները որևէ քիչ թե շատ դրական արդյունքի կարող են հանգեցնել Հայաստանի համար: Մեր համար սա աշխարհաքաղաքական խորը կոլապս է:
Մի քանի թարմ օրինակ:
Մինչ մամլո-քարտուղար Պեսկովը ողջունում է թուրանական քարտեզի հրապարակումն ու կոչ անում թյուրքերին դրա կենտրոնում՝ Ալթայում, աստղ տեղադրել, ՌԴ առևտրի ու արդյունաբերության նախարարության պատվիրակությունը Բաքվում հայտարարում է «ադրբեջանական վերադարձված տարածքների» ենթակառուցվածքային նախագծերում ներդրումներ անելու պատրաստակամության մասին: Միաժամանակ, որպես ֆինանսական դոնոր հանդես գալու մասին խոսում է «Գազպրոմբանկը»։
Այսօր էլ Իրանի նավթի նախարարը հայտարարել է Ադրբեջանի հետ առաջիկայում համաձայնագրի կնքման մասին՝ ուղղված Կասպից ծովում համատեղ երկրաբանական-հետախուզական ու հորատման աշխատանքների կազմակերպմանը, ինչը լիովին տեղավորվում է օրերս հայտարարված իրանա-ադրբեջանական երկարաժամկետ ու բազմակողմանի համագործակցության ճանապարհային քարտեզի մշակման տրամաբանության մեջ:
Չեմ գրում՝ արտաքին ուժերին մեղադրելու համար: Մեղավորը ոչ իրանցիներն են, ոչ էլ ռուսները: Պարզապես մենք աշխատել չգիտենք: Ավելի շուտ՝ չենք ուզում: Իսկ ավելի շուտ՝ ի վիճակի չենք ձևավորել ազգային ու կոմպետենտ իշխանություն, որից հնարավոր կլինի ինչ-որ բան պահանջել:
Քաղաքագետ Վահե Դավթյանի Ֆեյսբուքյան էջից

