Իջեւանի գինու գործարանը արտադրական թափոնները լցնում է Աղստեւ գետը
Իջեւանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը լուսանկարներ, տեսանյութ է հրապարակել , որ Աղստեւի ձախ ափին գործող Իջեւանի գինու գործարանն արտադրական թափոնները՝ թթվուտները լցնում է գետը։
Թթվուտների գետը լցվելու տեղում Աղստեւի գույնը փոխվում է։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը անտեսում է բնապահպանական բացահայտ այդ խախտումը։ Մ․ Սայադյանը հայտնեց , որ երեքուկես տարի առաջ Իջեւանի քաղաքապետարանի եւ տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ Աղստեւ գետի հաշվին մեծացել է Իջեւանի գլխավոր հատակագծի մակերեսը։ Այդ տարածքը այնուհետեւ տրվել է Իջեւանի գինու գործարանին, որն առանց շինթույլտվության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի(ՇՄԱԳ) գետի տարածքում կատարել է շինաշխատանքներ ։ Մ․ Սայադյանը շուրջ մեկ տարի Շրջակա միջավայրի նախարարությանը եւ այդ նախարարության կազմի մեջ գործող «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի իրար փոխած տնօրեններին ահազանգել է, որ այդ շինարարությունը մեծ վնասներ է բերելու դենդրոպարկին։ Այդ ահազանգերից հետո Իջեւան են ժամանել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները, ովքեր նկարել, արձանագրել են Իջեւանի գինու գործարանի կատարած շինարարության հետեւանքով Իջեւանի դենդրոպարկի եւ Աղստեւ գետի կրած վնասները՝ գետի ավերված հունը(700-800 մետր երկարությամբ), գործարանի սարքած կառույցները, շինարարության հետեւանքով գետափին վերացած ժայռը (1870 խմ ծավալով), դենդրոպարկից կորսված-քշված կես հեկտար հողը(մի քանի հազար խմ ծավալով),դենդրոպարկի չորացած ծառերը, ավերված ջրառը, սակայն նրանք անտեսել են Աղստեւի կենդանական աշխարհին պատճառված վնասը։
Այդ խախտումների համար Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի մարզային բաժինը Իջեւանի գինու գործարանին տուգանել է 216 հազար դրամի եւ 350 հազար դրամի չափով՝ գետի հունում կատարված շինարարության համար։ Նույն բաժինը դենդրոպարկից վարձակալությամբ տարածք վերցրած եւ այն մշակող Մ․ Սայադյանի ընտանիքին պատկանող ընկերությանը՝ գետից ոռոգման նպատակով ջրուղի բացելու եւ տաղավարներ տեղադրելու համար, տուգանել է 450 հազար դրամով։ Մ․ Սայադյանն ասաց , որ իրենց նկատմամբ վարչական ակտ կազմելիս տեսչական մարմինը հղում է արել բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի կետին, մինչդեռ դենդրոպարկերը եւ բուսաբանական այգիները արհեստածին են, բնության հատուկ պահպանվող տարածքներ չեն։ Մ․ Սայադյանի ընտանիքին պատկանող «Կանաչ սիմֆոնիա» ՍՊԸ ներկայացուցիչը վարչական բողոք է ներկայացրել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Դավիթ Խառատյանի 2021թ․ օգոստոսի 16-ի «Վարչական տույժ նշանակելու» որոշման դեմ։ Հոկտեմբերի 25-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը քննելով այդ վարչական բողոքը՝ որոշել է բողոքը չբավարարել, վարչական տույժ նշանակելու որոշումը թողնել անփոփոխ։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

