«Էրեբունի-Երևան 2800»-ին մասնակից օտարերկրյա պատվիրակություններն այցելեցին Ծիծեռնակաբերդ
«Էրեբունի-Երևան 2800» միջոցառման մասնակից օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Այսօր պատվիրակության անդամները մասնակցելու են Երևանի 2800-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, այդ թվում՝ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք գալա համերգին:
«Երևան են ժամանել 10 երկրներից 15 պատվիրակություն: Հիմնականում նրանք մեր գործընկեր, քույր քաղաքներից են: Կան քաղաքապետներ, քաղաքային իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր արդեն երեկվանից մասնակցում են մայրաքաղաքի տոնին նվիրված միջոցառումներին: Ավանդապես մենք մեկնարկում ենք առավոտյան մեր հարգանքի տուրքը մատուցելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարծում եմ՝ սա նաև քաղաքական մեծ նշանակություն ունի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը:
Դավիթ Գևորգյանը կարևորել է պատվիրակությունների՝ Երևանում գտնվելը և այն համարել է լավ առիթ՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:
Պատվիրակությունները ժամանել են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հորդանանից, Լիտվիայից, Լատվիայից, Էստոնիայից, Գերմանիայից, Լիբանանից և այլ երկրներից:
Նախատեսվում է նրանց այցը, մասնավորապես, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Երևանի կոնյակի գործարան: