«Փաշինյանն իր հայտարարություններով ձգտում է տապալել ԼՂ հարցով բանակցությունները». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը, գրում է «Интерфакс-Азербайджан»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի կայքը: Փոխանցում է Tert.am-ը:
Այդ մասին Ալիևը հայտարարել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին օրերից հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով «հակասական հայտարարություններով», և այդ հայտարարություններն «առնվազն զարմանք են առաջացնում»:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ անցկացնելու Հայաստանի վարչապետի հնչեցրած թեզն անընդունելի է:
Բացի այդ, նա աննպատակահարմար է համարում հայտարարությունն առ այն, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են: Այդ առնչությամբ Ալիևը կոչ է արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»:
«Ալիևն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ ադրբեջանական կողմի մոտ կարծիք է ստեղծվում, որ Փաշինյանն ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը: Այդ դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի և անձամբ Փաշինյանի վրա»,- ընդգծվում է հաղորդագրությունում:
Ալիևը նաև կոչ է արել ԵԱՀԿ-ին չեզոք դեր չստանձնել Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի առնչությամբ։
Մանրամասները՝ Tert.am-ում