Հայտարարվել է N11 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ. ո՞վ կփոխարինի Ռուզան Ազիզյանին
Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Մրցույթը տեղի կունենա հուլիսի 30-ին: Հավակնորդների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 19-ը ներառյալ է:
Նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը պաշտոնից հեռացավ իր շուրջը ստեղծված մեծ աղմուկից հետո: Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդեց այս դպրոցում տեղի ունեցած հեղափոխությունը: Աշակերտները, ինչպես նաեւ ծնողներ եւ աշխատակազմի անդամներ, ոտքի կանգնեցին, բողոքի ցույցեր անցկացրին, ինչի ճնշմանը չդիմանալով՝ Ռուզան Ազիզյանը պաշտոնից ազատման դիմում գրեց: Նա Սերժ Սարգսյանի համակուրսեցին էր, ու թերեւս դա էլ գործելու լիարժեք ազատություն էր տվել, ինչի պատճառով Ռուզան Ազիզյանից բողոքների, նրան վերագրվող չարաշահումների շարքը կարծես վերջ չուներ:
Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Մեզ չհաջողվեց դպրոցի կառավարման խորհրդից պարզել, թե տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար դիմումներ արդեն ստացե՞լ են: Ի դեպ, Ռուզան Ազիզյանը նշված դպրոցը ղեկավարել է ավելի քան 15 տարի, բայց այս հաստատության աշխատակիցները չէին հիշում, թե այդ ընթացքում երբեւէ մրցույթ է հայտարարվել, այնինչ տնօրենի պաշտոնում ընտրվում են 5 տարի ժամկետով, ասել է թե՝ 15 տարում 3 մրցույթ պետք է լիներ: Ու նաեւ սա էր պատառը, որ գործող կառավարման խորհրդի նկատմամբ դպրոցում անվստահություն կար, ու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթից առաջ ձեռնարկվեց խորհրդի կազմի փոփոխությունը: Տնօրեն ընտրում է դպրոցի կառավարման խորհուրդը: