Արևելյան Ղուտայում քիմիական նոր հարձակում է իրականացվել, Պուտինն առաջարկել է օրական 5-ժամյա հրադադար պահպանել (լուսանկարներ, տեսանյութ)
Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանի Ալ Շիֆունյահ գյուղում քիմիական հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ երեխաներ, գրում է The Daily Mail-ը` հավելելով, որ հարձակման ենթարկված գյուղը գտնվում է ապստամբների հսկողության տակ:
Արևմտյան լրատվամիջոցների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է նախագահ Բաշար ալ Ասադի զորքերի կողմից:
Համացանցում արդեն տարածվել են դեպքի վայրում արված լուսանկարները, որոնցում երևում են քիմիական հարձակումից թունավորված երեխաները:
Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնից հաղորդել են, որ քիմիական ռմբակոծման հետևանքով տուժել է 16 մարդ, կա մեկ զոհ:
The Guardian-ը հավելում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է օրական 5-ժամյա հրադադար պահպանել Արևելյան Ղուտայում, որպեսզի շրջափակման մեջ գտնվող բնակիչները կարողանան մարդասիրական օգնություն ստանալ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, խոսելով Պուտինի կարգադրության մասին, մանրամասնել է, որ 5-ժամյա ռեժիմը պետք է հաստատվի առավոտյան 9-ից մինչև ցերեկվա 14։00-ն:
Շոյգուն հավելել է, որ Ռուսաստանը կօգնի բնակիչների տարհանման համար ճանապարհ բացելու հարցում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին բանաձև էր ընդունել, որով կոչ էր արել 30 օրով անհապաղ հրադադար հաստատել և թույլ տալ մարդասիրական առաքելության աշխատակիցներին օգնությունը՝ սննդամթերքն ու դեղորայքը, հասցնել շրջափակման մեջ գտնվող սիրիացիներին:
Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Ղուտա շրջանին, որտեղ զոհերի թիվը հասել է 527-ի:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ են արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի գլխավոր դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, կիրառել իր ազդեցության բոլոր լծակներն ու նպաստել հրադադարի ռեժիմի սահմանմանը:
Հայտնի է, որ Արևելյան Ղուտայում ապրում է 400.000 մարդ, որոնք շրջափակման մեջ լինելու պատճառով չեն կարողանում փախչել:
Նշվում է, որ Ասադի բանակը կռվում է Արևելյան Ղուտայում հաստատված «Ջեյշ ալ Իսլամ» և «Ֆայլաք ալ Ռահման» խմբավորումների դեմ:
Աղբյուրը՝ Tert.am