Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները Կառավարության շենքի դիմաց են, որտեղ ընթանում է կառավարության նիստը:
Մայիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել , որտեղ նշված էր, որ մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, ստորագրվել է Արձանագրություն, և կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «Արմենպրեսին», մասնավորապես, հայտնել էր , որ սահմանապահների տեղակայումը տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետև այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:
Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ Ադրբեջանը միակողմանի պահանջ է ներկայացրել, և այն բավարարվել է:
«Սա սահմանազատման և սահմանագծման հետ որևէ աղերս չունի: 31 բնակավայրերի հարց է, չէ՞, եղել, որոնք հանձնված են Ադրբեջանի վերահսկողության տակ (31 բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ.- Մ.Պ.): Դուք կարդացե՞լ եք՝ Ադրբեջանն ինչ է գրել, իրենց փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակի պատասխանն այն է, որ մոռացեք այդ 31 բնակավայրերի (31 բնակավայրերի կենսական նշանակության տարածքն եր.-Մ.Պ.) մասին, մենք ասել ենք՝ էս պահանջը բավարարեք: Եվ որևէ մի երաշխիք չկա, որ ապօրինի սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում ոչ միայն ՀՀ-ից տարածքներ են զիջվում, այլև ոչ մի երաշխիք չկա, որ անվտանգությունը կապահովվի: Ասել է՝ 7 օր անվտանգ եք լինելու, 8-րդ օրը կարող է պատերազմ լինել»,- նշել է պատգամավորը:
Անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, Դանիելյանն ասել է, որ օգտագործվելու է Փաշինյանին հեռացնելու համար եղած ամբողջ գործիքակազմը:
Իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորի համար վարչապետի ընդունելի և ընկալելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Աղբյուր՝ 168.am