Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
Միջազգային միջնորդներից ոչ ոք, ովքեր այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարի հետ, չի ասել, թե հանդիպում է ունեցել «ահաբեկչական կազմակերպության» ղեկավարի հետ։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կազմակերպած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանն իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ նրանք բոլորն ասել են, որ հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։ Նրա գնահատմամբ՝ առանց Լեռնային Ղարաբաղի, որը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր, երկիրը մերկացել է։ «Առանց Լեռնային Ղարաբաղի մենք խոցելի ենք դարձել։ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է մշտապես պահել օրակարգում։ Իշխանությունները, դրանից հրաժարվելով, ապացուցում են իրենց դավաճանական պահվածքը մեր հայրենիքի մի մասի հանդեպ»,- ասաց Օհանյանը։
Նախկին նախարարը հավաստիացրեց, որ հակամարտությունն ավարտված չէ, և Ադրբեջանը էլ ավելի է խորացրել այն իր հանցավոր գործողություններով։ «Հայաստանի իշխանությունները չեն կատարել խոստումը, ինչպես գրված է ազգային անվտանգության ռազմավարությունում, Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանում թույլ չտալու վերաբերյալ, ուստի նրանք լեգիտիմ չեն»,- ամփոփեց Սեյրան Օհանյանը։
Աղբյուր՝ Yerevan.today