Հռոմի ստատուտի վավերացման քննարկում՝ առանց ընդդիմադիրների, ՔՊ-ն «մեղավորներ» է փնտրում
ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում քննարկվելիք հիմնական հարցը Հռոմի ստատուտի վավերացումն էր: Այդ հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից: Այնտեղ մնացին միայն ՔՊ-ականները՝ «իրենք իրենցով»:
Հայտնի է, որ ՔՊ-ն Հռոմի ստատուտի վավերացման կողմնակից է, իսկ Ռուսաստանը հայտարարել է, որ նման քայլը կհամարի թշնամական ու թշնամության դրսևորում:
Նախքան բանը կհասներ կոնկրետ օրակարգային հարցի քննարկմանը՝ ՔՊ-ականները, մասնավորապես Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը հարձակվեցին ընդդիմադիրների վրա, նրանց անվանելով կապիտուլյանտ, հողատու...
Ակնհայտ նպատակը Արցախը թշնամուն հանձնելու համար իրենց թիմի մեղավորությունը այլոց վրա բարդելն էր: Համենայն դեպս, նման հետևության մասին նշեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Ինչպես փոխանցում է Նյուզ.ամ-ը, Հայկ Մամիջանյանը նշել է, որ պետք է արձանագրել երկու բան: «Առաջին. Արցախի հանձնումը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում (2022թ. հոկտեմբերի 6-ին), երբ հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ինչը չի արել երբեք ոչ մեկը։ Երկրորդ՝ հարգելի քաղաքացիներ, եկեք ֆիքսենք մի բան. երբ 100 հազար մարդ աղետի իրավիճակում է և Հայաստանի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է: Իրենք թքած ունեն հայրենիք վրա, բացառապես հետաքրքված են քաղաքական մեղավոր նշանակելով։ Սա է ընդամենը»: